Մենք բավական լավ տեմպ ունենք Հայաստանում կանխիկի շրջանառությունը կրճատելու առումով: Այս մասին, անդրադառնալով կենսաթոշակառուների կողմից իրականացվող անկանխիկ առևտրին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փետրվարին մեր սիրելի թոշակառուները անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առևտուր: Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականին այս ցուցանիշը, ըստ էության, ձգտում էր զրոյի, իսկ դեկտեմբերին և հունվարին 2,7 մլրդ դրամի շրջանակում էր: Դա նշանակում է, որ շատ էական՝ 20-25 աճի տեմպն ամսական շարունակում ենք պահպանել և նաև փետրվարի համար այս առևտրի արդյունքում 286 մլն 711 հազար դրամ վերադարձնում ենք այդ առևտուրը իրականացնող կենսաթոշակառուներին:
Պիտի արձանագրեմ հետևյալը, որ ԿԲ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ եթե 2022 թվականի հուլիսին կամ հունիսի վերջի դրությամբ ՀՀ-ում կար անկանխիկ առևտուր անելու հնարավորությամբ շուրջ 22 հազար POS-տերմինալ, փետրվարի դրությամբ դրանց թիվը եռապատկվել է, ինչը, իր հերթին, բերում է լրացուցիչ էֆեկտ, որ բոլոր գյուղական վայրերում նաև անկանխիկ առևտրի հնարավորություն է ստեղծում, սա իր հերթի բերում է ստվերի կրճատման»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ 2022 թվականի հունիսի մեկի դրությամբ անկանխիկ գործարքներ կենսաթոշակառուների 1,8 տոկոսն է կատարել, իսկ փետրվարի 1-ի դրությամբ 17,5 տոկոսն արդեն իրականացվում է անկանխիկ:
«Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով անցած տարվա ընթացքում անկանխիկ վճարումները կազմել են 1,3 տրիլիոնը գերազանցող թիվ: Դա նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58 տոկոսով ավել է»,- ասաց Գալստյանը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ առևտրի շրջանառությունը, ըստ տնտեսական աճի ցուցանիշի (ՏԱՑ), մոտավորապես 18 տոկոս աճ է ունեցել, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև թափանցիկ առևտրի ցուցանիշ է:
«Ուզում եմ արձանագրել նաև, որ փետրվարին ՏԱՑ-ը կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը՝ 2,1 անգամ, իսկ ներմուծումը՝ 163 տոկոսով: Շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս, ծառայությունները՝ 21 տոկոս: Արդյունաբերության աճը նախորդ տարվա փետրվարի համեմատ այս փետրվարին աճել է 0,7 տոկոսով: Մենք խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և տեսանելի աճ արձանագրել, և խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ, և ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել»,- ասաց նա:
Ամփոփելով՝ վարչապետը նշեց, որ արդեն 2 ամիս ավելի քան 10 տոկոս ՏԱՑ ենք արձանագրում:
«Մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը և տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: