Աշխարհում բնակչության աճին զուգընթաց լուրջ խնդիր է դառնում որակյալ ու անվտանգ սնունդը: Որպեսզի մթերքը երկար պահպանվի, ավելացվում են տարբեր քիմիական հավելումներ, ինչը, սակայն, անվտանգ չէ:
Թամարա Մարգարյան (Երևանի համար 182 դպրոցի 12-րդ դասարանի սովորող) - Ինձ միշտ հետաքրքրել է՝ կա՞ որևէ բնական միջոց, որը կարող է փոխարինել այդ քիմիական հավելումներին՝ ապահովելով, իհարկե, պիտանելիության ժամկետ, չորակազրկի սննդամթերքը և վնաս չհասցնի մարդու առողջությանը:
Երևանի համար 182 ավագ դպրոցի 12-րդ դասարանում սովորող Թամարա Մարգարյանն իր առջև խնդիր է դրել՝ մթերքի երկարատև պահպանումն ապահովել բնական ծագման կոնսերվանտների միջոցով՝ թզի տերևի կիրառմամբ: Այդ մասին նախագծով էլ մասնակցել է հայկական համադպրոցական գիտության փառատոնին: Նրա հետազոտական աշխատանքը դարձել է չորս լավագույններից մեկը, որոնք երաշխավորվել են մասնակցելու միջազգային գիտական փառատոներին:
Թամարան իր աշխատանքը սեպտեմբերին կներկայացնի Բելգիայում կայանալիք Եվրամիության երիտասարդ գիտնականների մրցույթ-փառատոնին:
Թամարա Մարգարյան - Բոլոր հետազոտությունների արդյունքները գրանցել ենք գրաֆիկների, աղյուսակների միջոցով և, բոլոր տվյալները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ թզի տերևները կարող են հանդիսանալ որպես բնական կոնսերվանտ, այսինքն՝ օգտագործվել քիմիական հավելումների փոխարեն:
Թամարան նշում է՝ թզի տերևն էժան հումք է, նաև այն հազվադեպ բույսերից է, որն ունի թե՛ հակաօքսիդանտային և թե՛ հակամանրէային ակտիվություն:
Նարինե Մուրադյան (Երևանի համար 182 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, գիտահետազոտական նախագծի ղեկավար) - Գիտության փառատոնի նպատակը կայանում էր նրանում, որ երիտասարդ դպրոցահասակ երեխաների մոտ ձևավորեն սեր գիտահետազոտական փորձերի նկատմամբ, որովհետև մենք գիտենք՝ երեխաները շատ անգամ գիտելիքներ են ձեռք բերում, բայց չեն կարողանում իրենց հմտությունները և կարողությունները օգտագործել:
Ուսուցչուհու գնահատմամբ՝ փառատոնը խթանում է այդ հետաքրքրությունը: Երրորդ տարին անցկացված միջոցառմանը համար 182 դպրոցը մասնակցել է առաջին անգամ ու ներկայացել միանգամից 5 հետազոտական նախագծերով, որոնցից մեկը հաղթել է, մեկն էլ արժանացել մրցանակի:
Սա նաև դպրոցի ու բուհի համագործակցության օրինակ է: Թամարա Մարգարյանը փորձերն արել է Երևանի պետական համալսարանում:
Փառատոնի մասնակիցների թիվն ու աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել էին. Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել էր 83 հետազոտական նախագիծ, որոնցից 70-ն անցել էին եզրափակիչ փուլ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան