Մարտի լույս 27-ի գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք են բացահայտել։
Նրանք Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել են գյումրեցի 20-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։
Ժամերի տարբերությամբ Շիրակի պարեկները Լազոյի փողոցում ձերբակալել են 32-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչներ ու դեղահաբեր։
Երրորդ դեպքում Շիրակի պարեկները Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին են տարել 28-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ:
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն էլ պարեկները բացահայտել են Գյումրու Բաղրամյան փողոցում։
Նրանք ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Կումայրիի բաժին են տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի։ Նրա մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված ու դեղահաբեր կային։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։