Արտակարգ իրավիճակներին արտակարգ արձագանքի համար համակարգը բարեփոխվում է: Հունիսի 30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի վերջին օրն է: Գերատեսչությունը հուլիսից կգործի Ներքին գործերի նախարարության կազմում: Փրկարար ծառայությունն արդեն անցել է նորաստեղծ նախարարության կառավարմանը:
Արմեն Փամբուխչյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Կային մի շարք հարցեր, որ ավելի սահուն կատարվի անցումը ԱԻՆ-ից ՆԳՆ, որոշում կայացվեց, որ կանոնադրությունը հաստատելուց հաջորդող 3 ամիսները գործի ԱԻՆ-ը՝ մի շարք տեխնիկական հարցեր, երկուստեք ՆԳՆ-ի հետ համատեղ աշխատելու, սինքրոնացնելու:
Մինչև կառուցվածքային այս փոփոխությունը, Կառավարությունը 2022-ի ամռանը 1.2 մլրդ դրամ հատկացրեց նախարարությանը՝ վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման, հրշեջ-փրկարարական ծառայության շարժակազմն արդիականացնելու համար: Նախարարի խոսքով՝ գումարի 90 տոկոսը ծախսվել է 2022-ին, ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկա, արագ արձագանքման ամենագնացներ, 8 տարածք նորոգվել է:
Արմեն Փամբուխչյան - Մեքենաները ամբողջությամբ 2022-ին արդեն եղել են Հայաստանում, բաշխվել են հրշեջ-փրկարարական ջոկատներին, այդ մասով 100 տոկոս է կատարված խնդիրը: Շինարարության մասով գրեթե բոլոր շինարարությունները 90 տոկոս կատարված են, գումարը փոխանցված է: Մյուս մասն էլ այս տարի պետք է փոխանցվի:
Սկզբում նախատեսվել է նորոգել 10 հրշեջ-փրկարարական ջոկատ: 3-ի վերաբերյալ սեյսմիկ ծառայության բացասական եզրակացությամբ նպատակահարմար չի համարվել նորոգումը, փոխարենը անհրաժեշտ է համարվել ամրացման, նույնիսկ՝ քանդման և նորի կառուցման աշխատանք: Միջոցների վերաբաշխումը, նախարարի խոսքով, թույլ է տվել իրականացնել նախատեսվածից ավելի աշխատանք: Իջևանում, օրինակ՝ անգար է կառուցվել:
Արմեն Փամբուխչյան - Ամենահրատապը հատուկ տեխնիկայի ձեռքբերումն էր, որն անհրաժեշտ է անտառային, բարձրլեռնային գոտիներում հրդեհաշիջում իրականացնելու համար: «Ուրալ» մակնիշի մեքենաներ են, ամբողջությամբ նոր՝ 2022 թ. արտադրության, բարձր ջրատարողությամբ, բարձր անցանելիությամբ: Ջրատարողությամբ բավականին մեծ է՝ 6 տ, որը կրկնակի ավելի է Խորհրդային Միության «Զիլ» մակնիշի մեքենաների համեմատ:
Հրշեջ-փրկարարական ջոկատները տեղակայված են հիմնականում 60-70-ականների շենքերում: Ավտոկայանատեղիից մինչև կապի սենյակ. 7-րդ ջոկատում նորոգումը ընթացքում է:
Ահարոն Գևորգյան (ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար) - Կանչերի մեծ մասը այստեղ է լինում, ծանրաբեռնված ջոկատ է, անձնակազմի հոգնածությունը, պետք են համապատասխան պայմաններ, հանգստանալու պայման, դրանք ստեղծված են:
Աղետալի վերջին խոշոր դեպքը «Սուրմալուի» պայթյունն էր, որի ժամանակ հատուկ տեխնիկան դեռևս Հայաստանում չէր, բայց մոբիլիզացնելով Երևանի ու մարզերի ռեսուրսները, նախարարի խոսքով, հնարավոր դարձավ պատշաճ իրականացնել աշխատանքը: Կարևոր ուղղություններից են նաև սեյսմիկ պաշտպանության ծրագրերը: 1 տարվա պաշտոնավարումից հետո որտեղ և ինչ ոլորտում կշարունակի աշխատանքը՝ Փամբուխչյանը այդ մասին խոսելը վաղաժամ է համարում, նշում՝ հարցը կքննարկվի քաղաքական թիմի հետ:
Արմեն Փամբուխչյան - Ներկա պահին իմ առջև դրված է խնդիր, որ սահուն, անցնցում իրականացնենք ԱԻՆ-ի լուծարումը դեպի ՆԳՆ: Այս պահին ջանքերն ուղղված են դրան:
Վարչապետը խնդիր է դրել մշակել փրկարար ծառայության ռազմավարություն, որը կամրագրի համակարգի արդիականացման հետագա ծրագրերը: Իսկ նորաստեղծ կառույցից նախարարի ակնկալիքն է, որ կրկնապատկվեն քաղաքացիների վստահությունն ու համակրանքը կյանքեր փրկող փրկարար ծառայողի, նաև ոստիկանության ծառայողի նկատմամբ: