Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, հաշվի առնելով հանրության շրջանում տարածված որոշակի տեղեկատվությունը՝ կապված այս կամ այն ավտոտրանսպորտային միջոցի գծով սույն թվականի ապրիլի 1-ից կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների չափերի վերաբերյալ, հարկ է համարում տեղեկացնել, որ Ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհան համակարգի թեստային հարթակը, որից վերցվել է համապատասխան տեղեկատվությունը, ստեղծված է ԱՊՊԱ համակարգում կատարվող փոփոխություններն ապահովագրական ընկերությունների կողմից թեստավորելու և փորձարկման ընթացքում բացահայտված խնդիրները լուծելու համար՝ նախքան իրական համակարգի վրա փոփոխությունների տեղադրումը։
«Թեստային հարթակում ստացվող գինը հաշվի չի առնում ապահովադրի ԱՊՊԱ պատմությունը և Բոնուս-մալուս դասը։ Բացի այդ, թեստային հարթակում որոշ ընկերությունների ապահովագրավճարների ճիշտ հաշվարկման համար լրացուցիչ գործողություններ են պահանջվում։ Համապատասխանաբար, անհատ ապահովադիրը չի կարող ինքնուրույնաբար տվյալ հարթակով հաշվարկել իր ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ճշգրիտ գինը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք մինչև ապրիլի 1-ը ձեր ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի գինը հաշվարկելու համար օգտվել ապահովագրական ընկերությունների ինտերնետային կայքերում տեղադրված հաշվիչներից»,- նշված է հաղորդագրության մեջ։