Վաճառասեղաններից հավաքված կոնյակի խմբաքանակը լաբորատոր փորձաքննության է բերվել կեղծ լինելու կասկածանքով: 100 շիշ՝ ներկայացված որպես հայտնի բրենդների արտադրանք: Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի մասնագետները նոր սարքի միջոցով կարճ ժամանակում՝ ընդամենը կես ժամում, տալիս են նախաքննությանը հուզող հարցերի պատասխանները:
Լաբորատորիայի աշխատակից - Նոր մեթոդների մշակմամբ այժմ շատ կարևոր խնդիր ենք լուծում, կեղծ ալկոհոլային խմիչքների պատրաստման, կեղծման եղանակն ենք պարզում, այսինքն՝ ինչ սպիրտից է պատրաստված, ինչ հումքով է պատրաստված, ինչպես է կեղծվել:
Մասնագետը, որի ինքնությունն անվտանգությունից ելնելով չենք բացահայտում, բացատրում է՝ նոր սարքը հնարավորություն է տալիս բարձր որակով ու արդյունավետությամբ փորձաքննություններ իրականացնել՝ տալով հիմնավոր եզրակացություն: Նկատում է՝ բացահայտման հին մեթոդներն այլևս ակտուալ չէին, քանի որ ժամանակի հետ զարգացել է կեղծման տեխնոլոգիան, ու կեղծողները, այսպես ասած, ավելի պրոֆեսիոնալ են դարձել:
Լաբորատորիայի աշխատակից - Նախկինում խնդիրը էական չէր, քանի որ ավելի պարզ էր կեղծման հանգամանք, ավելի հեշտ և պրիմիտիվ ձևով էր կեղծվում, հատկապես կոնյակները, սովորական էթիլ սպիրտը թեյի գույնով և այլ գունանյութերով ներկելով՝ ստանում էին կեղծ կոնյակներ, այժմ ավելի բարդացել են և՛ կեղծման մեթոդները, և՛ կեղծման հանգամանքը պարզելու մեթոդները:
Սարքն ավտոմատ ներարկման համակարգով է աշխատում ու, բացի կոնյակից, փորձաքննում սպիրտ պարունակող ալկոհոլային բոլոր հեղուկները: Հատկապես շատ են մրգօղիների կեղծման դեպքերը, վերջերս էլ ստուգեցին՝ արդյոք խմիչքը մրգային թորվածքի՞ց է պատրաստված, թե՞ էթիլ սպիրտում ընդամենը մրգային համուհոտ պարունակող հավելանյութեր են ավելացված: Նույն բաժնում նաև նավթամթերքի փորձաքննություն են իրականացնում: Արտաքինից նախորդին նման սարքով անհրաժեշտության դեպքում որոշում են հեղուկ վառելիքի տեսակը:
Լաբորատորիայի աշխատակից - Ներմուծում են մի տեսակի նավթամթերքի անվան տակ, բայց իրականում հանդիսանում է լրիվ այլ տեսակի նավթամթերք, օրինակ՝ ներմուծել են ավիակերոսին, ըստ ուղեկցող փաստաթղթերի հանդիսացել ա ավիակերոսին, հետազոտության արդյունքում պարզվել ա, որ ավիակերոսին չէ:
Կենտրոնում հատուկ ընդգծում են նավթաքիմիայի լաբորատորիայի բացումը: Սարքերը ձեռք են բերել Կառավարության աջակցությամբ: Հենց այստեղ, ըստ փորձագետների, հնարավորություն է ստեղծվել կատարելու հանրապետության մասշտաբով եզակի փորձաքննություններ: