ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գալուզինը RTV-ի հետ հարցազրույցում հույս է հայտնել, որ ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով:
«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ իրագործելու հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման ծրագրերը՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ օգնության միջոցները, որոնք ամրագրված են Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագծում: Դրան պատրաստ ենք այնքան, որքան Հայաստանը»,- ասել է պաշտոնյան։
Գալուզինը չի հերքել, որ ՀԱՊԿ-ի ներսում առկա են «դժվարություններ»՝ նշելով, որ դա բնորոշ է միջազգային բոլոր կառույցներին, քանի որ նրանք գործնական աշխատանք են կատարում՝ ելնելով իրենց բոլոր անդամների շահերից: Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության ամրապնդման հարցերը շահագրգիռ քննարկման առարկա են դարձել 2023 թ. մարտի 20-ին արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի Մոսկվայում կայացած հանդիպմանը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ Է
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր ժամանել է Իսրայել և հանդիպել իր գործընկեր Էլի Քոհենի հետ։ Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելում կբացվի Ադրբեջանի դեսպանատուն:
Հանդիպման արդյունքներով Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը հայտնել է մոտ ժամանակներս Ադրբեջան այցելելու մտադրության մասին: «Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա օրերին մեծ տնտեսական պատվիրակությամբ Ադրբեջան կատարելիք այցին»,- ասել է նա։ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Ադրբեջանն Իսրայելի ռազմավարական գործընկերն է: Նրա խոսքով՝ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատուն բացելու որոշումը կօգնի խորացնելու հարաբերությունները երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների միջև։ Էլի Քոհենն անդրադարձել է նաև Իրանին:
Էլի Քոհեն (Իսրայելի արտգործնախարար) - Իրանը ընդհանուր սպառնալիք է Ադրբեջանի ու Իսրայելի համար: Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը: Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ: Չպետք է թույլ տանք, որ Իրանն ընդլայնի իր միջուկային ներուժը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։ Բայրամովը հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԻԻՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հույս է հայտնել, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր է, և շուտով հնարավոր կլինի այն հաղթահարել: Սերգեյ Լավրովի խոսքով՝ դժվարությունների վերացումը կօգնի խթանելու եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում կարևոր նախագծերի իրականացման համատեքստում»։ «Մենք պատրաստ ենք օգնելու մեր ընկերներին առկա խնդիրների լուծման գործում»,- եզրափակել է Լավրովը։
Կողմերն ընդգծել են երկու երկրների գործակցության ինտենսիվությունը, բարձր գնահատել առկա քաղաքական երկխոսությունը, արձանագրել ապրանքաշրջանառության կայուն և զարգացող աճը: Աբդոլլահիանը ընդգծել է Ռուսաստանի ջանքերը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի գործողության վերսկսման շուրջ բանակցություններում:
Իրանի գլխավոր դիվանագետն անդրադարձել է նաև Հարավային Կովկասին վերաբերող հարցերին՝ նշելով, որ տարածաշրջանում առկա հարցերը պետք է կարգավորվեն «3+3» հարթակի միջոցով: Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Թեհրանում տվյալ ձևաչափով նոր հանդիպման անցկացման հնարավորությունը։ «Բոլոր կողմերը պետք է օգտագործեն քաղաքական գործիքները, մենք պետք է շարժվենք դեպի կայուն խաղաղություն, որպեսզի տարածաշրջանում տնտեսական հնարավորությունները մեծանան»,- ասել է Աբդոլլահիանը:
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԱՊ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ
Չինաստանը ուկրաինական հարցի շուրջ կապ է պահպանում բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Ուկրաինայի, սակայն այս պահին այլ տեղեկություն չկա՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը՝ մեկնաբանելով Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Ուկրաինայում հանդիպելու պատրաստակամության մասին։
Ավելի վաղ Associated Press-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել էր Ուկրաինայում Չինաստանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։
Թեմային անդրադարձել են Կրեմլից: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Չինաստանն ինքն է որոշում՝ արդյոք տեղի՞ն է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ, Ռուսաստանը խորհուրդներ տալու իրավունք չունի։
ԱԷՄԳ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին պատվիրակության հետ անցել է Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքի մոտ գտնվող ռուսական հսկիչ անցակետով՝ Կիևից Զապորոժիեի ատոմակայան տանող ճանապարհին:
ԱԷԿ այցելելու իր պլանների մասին Գրոսսին հայտարարել էր մարտի 25-ին։ Նա նշել է, որ ցանկանում է անձամբ ստուգել, թե ինչպես է իրավիճակը փոխվել 2022 թվականի սեպտեմբերի 1-ին կայան կատարած իր նախորդ այցից հետո: Երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Գրոսին հայտարարել էր, որ ատոմակայանում իրավիճակը շատ վտանգավոր ու անկայուն է: