Մարտի 29-ին կայացել է ԵԽ Նախարարների խորհրդի հերթական հանդիպումը, որին տեղի է ունեցել մտքերի փոխանակում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) նախագահ Ալան Միտչելի հետ։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը անդրադարձել է Բաքվի բանտերում անօրինական կերպով գտնվող հայ ռազմագերիների և այլ անձանց խնդրին։ Դատապարտելի է համարել, որ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները և միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, Ադրբեջանը առ այսօր հրաժարվում է առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Ներկայումս ադրբեջանական կողմն ընդունում է, որ Ադրբեջանում պահվում են միայն 33 հայ ռազմագերի։
Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանի իշխանությունները բեմադրված դատավարություններ են կազմակերպել հայ ռազմագերիների նկատմամբ։
Հայ ռազմագերիները, զրկված լինելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության իրավունքից, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքից, Բաքվի կառավարության վերահսկողության տակ գտնվող դատարանների կողմից դատապարտվել են մինչև 20 տարվա ազատազրկման: Առկա են նաև բռնի անհետացումների փաստագրված դեպքեր։
Հայ ռազմագերիների վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ է, որ միջազգային իրավասու մարմինները, այդ թվում՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն, շարունակեն ուշադիր հետևել այս հարցին: