Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ծանոթացել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հիմնանորոգման աշխատանքներին: Դատավորներին պատշաճ աշխատանքային պայմաններով ապահովելու նպատակով ներկայումս Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում իրականացվում են դատարանի շենքի հիմնանորոգման աշխատանքներ:
Նախարարին տեղեկացրել են, որ աշխատանքներն իրականացվում են շինարարական բոլոր նորմերի խստիվ պահպանմամբ: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար շենքը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, կահավորված՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:
Վերանորոգված շենքում կտեղակայվի վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ 12 դատավորների թվակազմով, նախատեսվում է ունենալ նաև դատական նիստերի համար նախատեսված 4 դահլիճ:
Հաշվի առնելով, որ շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2023 թվականին, իսկ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերը ուժի մեջ էին մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքում, որով նախատեսվում է, որ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն օրենսդրական փոփոխություններով ուժի մեջ են մտնելու 2023 թվականին: