Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարում Արաբկիրի ոստիկանների պայքարն արդյունավետ էր մասնավորապես մարտի 23-ին:
Առաջին դեպքում բաժնի քրեական հետախույզները համագործակցել են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի գործընկերների հետ: Ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով երեք փաթեթ ու կաթուցիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Զննությամբ դպրոցի հետնամասում հայտնաբերվել է տարա, որի մեջ նույն պարունակությամբ ևս հինգ փաթեթ կար:
Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Նույն օրը ձեռնարկված մեկ այլ միջոցառման ընթացքում Արաբկիրի քրեական հետախույզները համագործակցել են բաժնի համայնքային ոստիկանների հետ: Ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով Կորեայի ձոր կոչվող տարածքում նրանք ձերբակալել և, «Նիսան տիդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 30 և 39 տարեկան երկու տղամարդու: Նրանցից մեկը` Եղվարդի, մյուսը Չարենցավանի բնակիչ է: Անձնական խուզարկությամբ 30-ամյա եղվարդցու մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենի 40 փաթեթ` կրիստալի նմանվող զանգվածով, ընդհանուր մոտ 85 գրամ քաշով:
Երկուսն էլ ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: