Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արաքս գետի ավազանում շարունակում է ավազի արդյունահանման բազմաթիվ խախտումներ արձանագրել: Խոսքը ոչ միայն ապօրինի արդյունահանման մասին է, այլև գետի հունի փոփոխության: Այս պահին 10 ընկերություն գետից ավազ հանելու արտոնագիր ունի: Տեսչական մարմինը ընդերքօգտագործողներին հրավիրել էր քննարկման և հիշեցրեց՝ գետի հունի ցանկացած փոփոխություն ֆիքսվելու է:
Հովհաննես Մարտիրոսյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) - Ունենք խնդիր պետական սահմանի հետ, պետք չէ որևիցէ մեկի գործունեության հետևանքով մենք էդտեղ խնդիրներ ունենանք, և նաև, որպեսզի նմանատիպ բաները բացառվեն, ու մեր համար էլ նաև ապացուցելի լինի, մենք էսօր ունենք առնվազն երկու դրվագ՝ երկու տնտեսվարողի հետ կապված, որ համապատասխան միջնորդությամբ դիմել ենք ՏԿԵՆ-ին, որ լիցենզիայից զրկեն:
Տեսչական մարմինը վերջերս տեխնիկապես վերազինվել է ու կարող է ցանկացած փոփոխություն փաստերով ապացուցել: Գետի հունի վիճակի և կայունության վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները յուրաքանչյուր ամիս ներկայացնելը պարտադիր պահանջ է, հիշեցնում է Հովհաննես Մարտիրոսյանը: Տնտեսվարողներն էլ առաջարկում են փոխել այդ ժամկետը:
Տեսչական մարմինը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, առաջարկում է ավազ արդյունահանող մեքենաների վրա ՋՊՍ սարքեր տեղադրել: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Ոլորտը վերահսկող կառույցից հիշեցնում են՝ իրենց նպատակը խախտում արձանագրելն ու տուգանելը չէ, այլ պետական սահմանագծի փոփոխություն թույլ չտալը:
Հովհաննես Մարտիրոսյան - Դա ընդամենը վերահսկողական գործիք ա, ուրիշ ոչ մի բան չի ներկայացնում, բայց ավելի շատ ստեղ դուք բան ունեք անելու. ընդերքի մասին օրենքը հստակ ասում է՝ եթե ֆիքսել եք գետի հունի փոփոխություն, ու դա պարտադիր չի, որ ձեր մեղքով եղացած ըլնի, բնական ճանապարհով գետի հունը փոխվել ա, դա ենթադրում ա, որ ֆիքսելուց անմիջապես հետո պիտի դադարեցնեք աշխատանքները, տեղյակ պահեք:
Ավազ արդյունահանող ընկերության ներկայացուցիչն ասում է՝ միլիոնավոր դոլարների ներդրում են արել, ու իրենց համար կարևոր է, որ բոլոր տնտեսվարողները հավասար պայմաններում աշխատեն:
Վարդան Մարության (ընդերքօգտագործող ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ) - Տեսչական մարմինը, շատ ողջունելի է, բազմաթիվ ապօրինի, առանց լիցենզիայի արդյունահանման դեպքեր արձանագրեց, որոնցից մեկով միայն, ըստ պաշտոնական տեղեկատվության, տարեկան պաշտոնապես արդյունահանվող ծավալի չափով ապօրինի արդյունահանում էր իրականացվել, հետևապես մեր խնդիրն այստեղ որ դաշտում հավասար պայմաններ լինեն:
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը ֆիքսելու, վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար տեսչական մարմինը կիրառում է նաև անօդաչու թռչող սարքեր: Մեկ այլ խնդիր է ավազի լվացումը, նկատեց տեսչականի ղեկավարը, ասաց՝ արձանագրել են դեպքեր, երբ ավազի լվացումը տնտեսվարողներն իրականացրել են առանց ջրօգտագործման թույլտվության՝ շահագործելով ապօրինի խորքային հորեր: Արդեն իսկ արձանագրված դեպքերով այդ հորերի շահագործումը կասեցվել է, տնտեսվարողներն էլ տուգանվել են: