Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դրեզդենում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահ դր. Մաթիաս Ռյոսլերին:
Հանդիպմանն ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունն ու խորհրդարանական դիվանագիտության ծավալման հնարավորությունների տեղաբաշխումը: Այս ուղղությամբ հնչել են կոնկրետ առաջարկներ, մասնավորապես, փորձի փոխանակում Հայաստանի Ազգային ժողովի և Սաքսոնիայի Լանդթագի ֆինանսաբյուջետային հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև:
Գերմանացի գործընկերը նշել է, որ տարբեր պաշտոնների բերումով առիթ է ունեցել ուսումնասիրելու Հայաստանի պատմությանը, մշակույթին առնչվող փաստեր: Նա ընդգծել է, որ ժողովրդավարությանն առնչվող հարցերում պատրաստ է փոխանակվել կուտակված փորձով՝ հավելելով, որ կրթամշակութային և ակադեմիական կրթության ոլորտներում էլ պատրաստ են ծանոթանալու հայաստանյան ուսանելի փորձին:
Լանդթագի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել տարածաշրջանի ու Հայաստանի առջև ծառացած անվտանգային հարցերի վերաբերյալ՝ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական նկրտումները, Լաչինի ճգնաժամի հետևանքով առաջացած բազմաբևեռ խնդիրները: Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց Ադրբեջանը դեռ հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդառված և ձերբակալված անձանց: ՀՀ ԱԺ նախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և ակնկալել միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Մաթիաս Ռյոսլերին հրավիրել է Հայաստան: