Իսրայելում մեկնարկել են բանակցությունները վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության առաջարկած դատաիրավական բարեփոխումների շուրջ, որոնք զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել երկրում: Հանդիպումն ընթանում է Երուսաղեմի նախագահական նստավայրում, հայտնում է Times of Israel-ը։
Բանակցային գործընթացին, որը բացել է նախագահ Իցհակ Հերցոգը, մասնակցում են ընդդիմության, իշխող «Լիկուդ» կուսակցության և նրա կոալիցիոն գործընկերների ներկայացուցիչները։
Լարվածությունն Իսրայելում, սակայն, պահպանվում է: Ցույցեր են անցկացնում Նեթանյահուի կառավարության ծրագրերի կողմնակիցները, որոնք դեմ են ընդդիմության հետ փոխզիջմանը, և իրավական բարեփոխումներին դեմ արտահայտվողները, թեև Նեթանյահուն խոստացել է սառեցնել նոր օրինագիծը և փոխզիջման հասնել ընդդիմության հետ։ Վարչապետը միաժամանակ նշել է, որ իր կողմնակիցների մեծ մասն աջակցում է բարեփոխմանը, ուստի «ինչ-որ ձևաչափով այն կիրականացվի»։