Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ երկօրյա այցով այսօր առավոտյան Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում են շրջանի քաղաքապետներ (Վալանս, Դեսին-Շարպիե, Վիեն), շրջանային խորհրդի պաշտոնյաներ, նաև տնտեսական, մշակութային, կրթական շրջանակների, Ֆրանսիայում հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, լրագրողներ՝ ֆրանսիական ու ֆրանս-հայկական լրատվամիջոցներից։
Նրանց հետ Սյունիք են ժամանել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի և Ֆրանսիայում ՀՀ-ի դեսպանները, հայ ու ֆրանսիացի այլ պաշտոնյաներ, բարեգործական ու հասարակական ֆրանսիական կազմակերպությունների ղեկավարներ։
Սյունիքի դարպասների մոտ բարձրաստիճան հյուրերին ու պատվիրակության անդամներին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և մարզային իշխանության ներկայացուցիչները։
Տաթևի վանական համալիրում այսօր նախատեսված է համագործակցության համաձայնագրի ստորագրում Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։