Հինգշաբթի՝ մարտի 23-ին, Միջազգային արբիտրաժային դատարանը վճռեց, որ «Իրաքի ազգային նավթային ընկերություն SOMO-ն միակ կազմակերպությունն է, որը լիազորված է կառավարել նավթի արտահանման գործառնությունները թուրքական Ջեյհան նավահանգստով»։ Իրաքը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի դեմ 9 տարի առաջ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի և Թուրքիայի միջև նավթային համաձայնագրի առնչությամբ՝ պնդելով, որ էներգակիրների արտահանման համար անհրաժեշտ է Իրաքի կառավարության հաստատումը, գրում է Middle East Policy Council-ը:
2014-ի հայցը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ով էր վերահսկում կիսաինքնավար Քրդստանի նավթի արտահանումն ու եկամուտները և պահանջներ ուներ դրանց նկատմամբ: Ahram Online-ում գրված է. «Բաղդադը հայտնել է, որ Փարիզում գործող Միջազգային առևտրի պալատի արբիտրաժային տրիբունալն ընդունել է Բաղդադի պահանջները Անկարայի դեմ վեճում, թե ով է պատասխանատու ինքնավար շրջանի նավթի արտահանման համար... Բայց հակառակ Իրաքի, Էրբիլի տարածաշրջանային կառավարությունը շարունակել է նավթի արտահանումը Թուրքիայի տարածքով՝ օրական մոտ 450 հազար բարել»։
Մինչ նավթի մատակարարումների օրինականության և սեփականության վերաբերյալ քննարկումները շարունակվում են, Թուրքիան շաբաթ օրը դադարեցրեց իրաքյան հում նավթի հոսքը Ջեյհանով` ի պատասխան դատարանի որոշման: Middle East Eye-ում նշված է, որ «ըստ Reuters-ի հետ զրուցած աղբյուրների՝ Իրաքը նավթատարով օրական 370.000 բարել KRG և 75.000 բարել դաշնային հում նավթ էր մղում, նախքան դրա դադարեցումը: Ոլորտի լավատեղյակ աղբյուրներից մեկն ասել է, որ Անկարան շուրջ 1 միլիարդ դոլար է վաստակում որպես տարանցիկ երկիր իրաքյան առաքումների շնորհիվ: Իրաքի դաշնային դատարանը նաև անցյալ տարի վճռեց, որ Իրաքյան Քրդստանի նավթարդյունաբերությունը կարգավորող օրենքը հակասահմանադրական է, և քրդական իշխանություններից պահանջեց իրենց հանձնել հումքի պաշարները: Հունվարին Ջեյհանի տերմինալով անցել է օրական ավելի քան մեկ միլիոն բարել՝ համաշխարհային մատակարարումների մոտավորապես մեկ տոկոսը…»:
Իրաքի կառավարությունը շարունակում է բանակցությունները Թուրքիայի տարածքով նավթի անցման հետ կապված հաջորդ քայլերը քննարկելու համար։ Քրդական քաղաքական ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված Իրաքի հետ ապագա հարաբերությունների հարցում։ «Իրաքյան նորություններում» Նավթի նախարարությունը պարզաբանել է, որ Քրդստանի տարածաշրջանի շահագրգիռ կառույցների և թուրքական իշխանությունների հետ կքննարկի թուրքական Ջեյհան նավահանգստով իրաքյան նավթի արտահանման մեխանիզմը՝ նավթի արտահանման շարունակությունը երաշխավորելու համար: «Ֆրանսիական դատարանի որոշումը հօգուտ Իրաքի դաշնային կառավարության՝ ընդդեմ Թուրքիայի, չի խանգարի մեր հարաբերություններին Իրաքի դաշնային կառավարության հետ»,- ասել է Քրդստանի տարածաշրջանային կառավարության (KRG) խոսնակ Լաուք Ղաֆուրին։
Կողմերն ազդարարել են երկկողմ դրական բանակցությունների մասին ինչպես Իրաքի և Թուրքիայի, այնպես էլ Քրդստանի կառավարության և Բաղդադի միջև: Ինչպես նշում Է Daily Sabah-ը, Քրդստանի տարածաշրջանային կառավարության «բնական պաշարների նախարարությունը հայտարարել է, որ «Թուրքիայի դեմ Իրաքի օգտին կայացրած վճիռը չի խանգարի Բաղդադի կառավարության հետ հարաբերություններին և երկխոսության շարունակմանը»:
Ինչևէ, երեք կողմերի միջև արբիտրաժն ավարտված չէ։ Մինչ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Իրաքի, ակնկալվում է, որ այս գործընթացը կշարունակվի և կփոխեն հարաբերությունները համապատասխան խմբերի միջև: Gulf Daily News-ը գրում է. «Ըստ աղբյուրի՝ վճիռը, որով Թուրքիան պարտավորվել է Իրաքին վճարել շուրջ 1,5 միլիարդ դոլար մինչև տոկոսները, վերաբերում է 2014-2018 թվականներին: Սպասվում է երկրորդ արբիտրաժային գործը, որը կընդգրկի 2018 թվականից հետո ընկած ժամանակահատվածը և, ըստ աղբյուրի, կտևի մոտ երկու տարի»: