307 նպաստառու ընտանիք վերջին մեկ տարում 307 բիզնես է ստեղծել, պատրաստվում են հրաժարվել սոցիալական նպաստից: Պիլոտային ծրագրին միացել են Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Շիրակի և Լոռու մարզերի նպաստառու ընտանիքները, բիզնես նախագծի համար ստացել մինչև 4000 դոլար: Հասմիկ Թևանյանը ծրագրի շահառուներից է, Մեղրաշենից Երևան է բերել իր պատրաստած մակարոնը:
Հասմիկ Թևանյան (ծրագրի շահառու) - Սարքավորումն եմ վերցրել, հետո չորանոցը ու հետագայում պատրաստվում եմ վերցնել նաև այն, որ կարողանամ արիշտա պատրաստել: Ես շատ գոհ եմ, կոնկրետ իմ դեպքում հաստատ կուզեի նպաստի համակարգից դուրս գալ, էդ խեղճ ու կրակ վիճակից պիտի դուրս գաս և կարողանաս ինչ-որ բանով օգնել քեզ նմաններին:
Սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահն ընդգծում է՝ իրենց նպատակը մարդկանց կայուն եկամուտով ապահովելն է: Միրա Անտոնյանի խոսքով՝ պետք է քաջալերեն այդ ընտանիքներին, որ իրենց քրտինքով աշխատեն, պետությունից էլ կախում չունենան:
Միրա Անտոնյան (Սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ) - Դրա համար մենք պիտի երկար ժամանակ ջանք գործադրենք: Մարդկանց մեծ մասը հենց այդպես էլ ապրում է, բայց նրանք, ովքեր այդպես չեն մտածում և այդպես չեն ապրում, նրանց հետ աշխատանքը ժամանակ է պահանջում, և, այո՛, կարիք կա ամրապնդող ծրագրերի, կարիք կա ամրապնդել սա, մյուս 5 մարզերում էլ պիլոտ անել, ամրագրել, և հետո դա կդառնա սովորական աշխատելաոճ:
Ֆինանսական աջակցությունը տրամադրել են Համաշխարհային բանկն ու Ճապոնիայի կառավարությունը: Սոցիալական աջակցությունից կախում չունենալու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ասում է՝ այս ծրագիրը լավագույնը կարող է լինել: Նարեկ Մկրտչյանի համոզմամբ՝ կարևորը բիզնես հիմնելու մոտիվացիան է, արդյունքներն էլ ոգևորող են:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Ծրագիրը բավականին կարևոր նշանակություն ունի պիլոտային տրամաբանության առումով, որպեսզի ՀՀ Կառավարությունը որոշումներ կայացնելիս ունենա ապացույցի վրա հիմնված մոդել` անապահովության գնահատման համակարգում ներառված մարդկանց ինքնաբավ բիզնես գործունեության:
Նախնական ընտրության ժամանակ ներգրավված է եղել մոտ 4000 նպաստառու ընտանիք: Մոտիվացիոն հարցազրույցների միջոցով նրանցից ընտրվել են 2000-ը, թեստային առաջադրանքներ կատարել, հետագայում 650-ը բիզնես հմտությունների զարգացման դասընթացների են մասնակցել: Վերջնարդյունքում՝ 307-ի բիզնես պլանը լավագույնն է համարվել:
Ռուբեն Մարկոսյան (ծրագրի ղեկավար) - Քանի որ հայաստանյան մարզերում ենք իրականացնում, բնականաբար, գյուղատնտեսությունը բավականին մեծ մասնաբաժին ունի. դա խոշոր եղջերավոր անասնապահությունն է, խոզաբուծությունն է, ջերմոցներն են: Մեզ համար կարևոր է` բիզնեսի գործունեության արդյունքում ընտանիքները կարողանան գեներացնել լրացուցիչ եկամուտ:
Ծրագիրն ավարտվելու է այս տարվա հունիսին: Այս ընտանիքները շարունակելու են իրենց բիզնեսն առաջ մղելու մասնագիտական աջակցություն ստանալ: Արդյունքները պարբերաբար կվերլուծեն, ու երբ վստահ լինեն, որ ընտանիքն այլևս նպաստի կարիք չունի, այդ մասին կտեղեկացնեն սոցապնախարարությանը: