Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցի դիտահորերում հաճախ ջուր է կուտակվում և դուրս գալով հորից՝ լցվում հարակից տներ, այգիներ, նաև դպրոց: Բնակիչների խոսքով՝ երբ ջրի հոսք չի լինում, կոյուղին նորմալ աշխատում է:
Դիտահորերում նաև ավազ է կուտակվում, առաջանում է խցանում, որը ևս ջրի արտահոսքի պատճառ է հանդիսանում:
Կոյաջրի արտահոսքի պատճառով երեխաները տարածքում չեն կարողանում խաղալ, ամռանն էլ տհաճ հոտ է գալիս:
Բնակիչներից մեկն էլ նշում է՝ կոյաջուրը տնից հեռացնելու համար խողովակ է անցկացրել, բայց արդյունքում ջուրը լցվում է իր այգին՝ չորացնելով ծառերը:
Որ դա այլ տարածքից հոսող ջուր է և ոչ թե իրենց օգտագործածը՝ բնակիչները համոզվել են սեփական դիտարկման արդյունքում. օրեր առաջ վթարի հետևանքով համայնքում ջուր չկար, բայց նույն օրը դիտահորը կրկին լցվել էր ջրով:
«Վեոլիա ջուր» ընկերությունից «Լուրեր»-ին տեղեկացրին՝ Ֆանարջյան փողոցը և 117 դպրոցը ընկերության պատասխանատվության տակ չեն, սակայն խնդիրը թեթևացնելու համար դպրոցի շուրջ աշխատանքներ են իրականացնում: Բնակիչներն էլ հակադարձում են՝ եթե պատասխանատվությունը իրենցը չէ՝ ինչու են բոլոր գերատեսչությունները խնդիրը հասցեագրում այդ ընկերությանը:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան