ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։
Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ։
Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունները, նշել է տարիների ընթացքում կատարած աշխատանքները, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ Գիորգի Շարվաշիձեն նույնպես բարձր է գնահատել ձևավորված բարեկամական սերտ հարաբերությունները։ Արտակարգ և լիազոր դեսպանը փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացնելով կառույցի ձևավորման աշխատանքերը՝ անդրադարձ է կատարել մարզերում պարեկային ծառայության ներդրման, քրեական ոստիկանության ու տարածքային ստորաբաժանումների բարեփոխումներին։
Հանդիպմանը քննարկվել են նաև Սևանա լճում ջրային պարեկային ծառայության ներդրման, երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։