ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿԱՍԵՑՎՈՒՄ ԵՆ
Իսրայելի վարչապետը հանդես է եկել ուղերձով, հաստատել՝ երկրում զանգվածային ցույցերի պատճառ դարձած դատական փոփոխությունները կասեցվում են մինչև ամառ։ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ իշխող կոալիցիան պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել ընդդիմության հետ։
Բենիամին Նեթանյահու (Իսրայելի վարչապետ) - «Մենք պնդում ենք, որ դատական համակարգում պետք է փոփոխություններ կատարվեն, ուստի հնարավորություն կտանք, որ առավել համապարփակ համաձայնության ձեռք բերվի։ Հասարակության պառակտումը կանխելու նպատակով որոշել եմ կասեցնել այս օրենքի երկրորդ և երրորդ ընթերցումները Կնեսետի այս նստաշրջանում»։
Վարչապետի հայտարարությունից հետո Իսրայելի Աշխատանքի ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ համընդհանուր գործադուլը դադարեցվում է: Բեն Գուրիոն օդանավակայանը նույնպես վերսկսել է աշխատանքը:
Բողոքի ակցիաները, սակայն, շարունակվել են մինչև ուշ գիշեր: Ցուցարարները հավաքվել են Թել Ավիվում կառավարական շենքերի համալիրի դիմաց: Ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են եղել, իրավապահները ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարները փողոցներում խարույկներ են վառել, հակակառավարական կարգախոսներ հնչեցրել:
Առաջին անգամ փողոց են դուրս եկել նաև Նեթանյահուի կողմնակիցները: Նրանց և դատական փոփոխություններին դեմ հանդես եկող ցուցարարների միջև նույնպես բախումներ են եղել:
Իսրայելում հունվարից շարունակվող բողոքի ցույցերը սրվեցին երեկ, երբ Բենիամիան Նեթանյահուն հայտարարեց, որ ազատում է պաշտոնից Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Պաշտոնյան օրեր առաջ դատաիրավական փոփոխությունների նախագիծն անվանել էր սպառնալիք երկրի անվտանգությանը՝ կառավարությանը կոչ անելով չեղարկել այն:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին Կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ևս հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուրս գալու փողոցներ: Վերջին 10 օրվա ընթացքում Ֆրանսիայի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել, մի շարք քաղաքացիներ կոտրել են խանութների ցուցափեղկերը, այրել մեքենաներ, կան ձերբակալվածներ: Փարիզը բախվել է ևս մեկ լուրջ խնդրի՝ աղբահանությամբ զբաղվող մունիցիպալ ձեռնարկությունները հրաժարվում են աշխատել։ Արդյունքում՝ Փարիզում մի քանի օր է՝ աղբահանություն չի իրականացվում:
ԻՐԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԱԷՄԳ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
Մեջլիս է ներկայացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման բանակցություններից Թեհրանի դուրս գալու մասին օրինագիծը՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը։
«Երկխոսության դուռը կարող է փակվել: Սակայն Իրանը հավատարիմ է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությանը»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Հիշեցնենք՝ Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների, ինչպես նաև Գերմանիայի նախաձեռնությամբ՝ Իրանի միջուկային ծրագրի ռազմական օգտագործումը կանխելու համար: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշեց դուրս գալ համաձայնագրից։ Ներկայիս նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս միջուկային համաձայնագիր վերադառնալու օգտին: Սակայն 2022 թվականի գարնանը ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները փաստացի դադարեցվել են՝ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում սրվող լարվածության պատճառով:
ՂԱԶԱԽՍՏԱՆ-ՈՒԶԲԵԿՍՏԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ ԿԱՄՐԱԳՐՎԻ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է Ուզբեկստանի հետ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը՝ հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ օրենքը թույլ կտա ամրագրել Ղազախստան-Ուզբեկստան պետական սահմանագիծը և վերացնել երկու երկրի միջև հնարավոր տարածքային վեճերը։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ՇՐՋԱՆ
Վոլոդիմիր Զելենսկին երեկ այցելել է Զապորոժիեի շրջանի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող հատված, եղել ուկրաինական զորքերի մարտական դիրքերում։ Նա պարգևներ է հանձնել ուկրաինացի զինվորականներին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ռուսական ուժերը հրթիռներ են արձակել Զապորոժեի խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչ հետևանքով բնակելի շենքեր են վնասվել: Զելենսկին զգուշացրել է՝ ռուսական կողմը պատասխանատվության է ենթարկվելու:
Զապորոժիեում Զելենսկին նաև հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ, որը հերթական անգամ Ուկրաինայում է՝ քննարկելու Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։ Նրանք ծանոթացել են Զապորոժիեի ատոմակայանին հասցված վնասներին:
Զապորոժիեի շրջանի մոտ 70 տոկոսը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ:
ԿԺԴՀ-Ն ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԻՄԻՏԱՑԻԱ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Հյուսիսային Կորեան ցամաքային մարտավարական բալիստիկ հրթիռների ներգրավմամբ միջուկային պայթյունի իմիտացիա է իրականացրել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Հրթիռներն արձակվել են Փհենյանի շրջակայքից՝ արևելյան ուղղությամբ։ Սա տարեսկզբից արդեն 10-րդ հրթիռային արձակումն է։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, դրանք թռել են մոտ 350 կմ։
Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է մեծացնել միջուկային արտադրությունը՝ երկրի միջուկային ներուժը զարգացնելու և ինքնիշխանությունը պաշտպանելու համար։