ԱՄՆ-Ը ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ
Միացյալ Նահանգները կրկին վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը` Նովրուզ Բայրամի առիթով Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է ԱՄՆ նախագահը: Ջո Բայդենը համոզմունք է հայտնել, որ խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների համար անվտանգությանն ու բարգավաճմանը:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովի հետ՝ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Վեդանտ Պատել (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ) - Քերըն Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի և Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ: Նա վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, շեշտել` խնդիրների կարգավորման և կայուն խաղաղության ուղին երկխոսությունն է: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Պատելը հավելել է՝ Վաշինգտոնը կշարունակի նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին:
ԿԱՆԱԴԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲԱՑԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, պատասխանելով Համայնքների պալատի պատգամավոր Ջինա Յիփի հարցին, կոչ է արել Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել հայ ռազմագերիներին: «Կանադայի հայ համայնքի անդամներն անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությամբ և Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Լաչինի միջանցքն արդեն 100 օրից ավելի է՝ շրջափակված է, խորանում է հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հայերը մտահոգված են, որ հակամարտությունը շուտով կարող է սրվել: Որո՞նք են կառավարության ջանքերը այս կարևոր հարցում»,- հարցրել է պատգամավորը:
Մելանի Ժոլի (Կանադայի ԱԳ նախարար) - Ես կիսում եմ կանադահայերի և Լեռնային Ղարաբաղի հայերի մտահոգությունները: Մենք շարունակում ենք Ադրբեջանի իշխանություններին կոչ անել վերաբացել Լաչինի միջանցքը: Մենք պետք է կանխենք հումանիտար ճգնաժամի սրումը: Կանադան աջակցում է 2020 թ. հրադադարի համաձայնությանը, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձին: Կարևոր է, որ հրադադարը, որին աջակցում է ԵՄ դիտորդական խումբը, հարգվի:
Մելանի Ժոլին շեշտել է՝ կարևոր է, որ առկա խնդիրներն ու մտահոգությունները բարձրաձայնվեն:
ԱԼԻԵՎԸ ԴԺԳՈՀ Է ՓԱՐԻԶԻՑ ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Իլհամ Ալիևն ընդունել է Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակված Մասիմ Մամեդովին: Հանդիպման ընթացքում Ալիևըն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի նախկին բանակցային գործընթացին, շեշտել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ: «Հայաստանը միշտ անընդունելի է համարել, որ Լաչինի շրջանն վերադարձվի Ադրբեջանին։ Չնայած նրանք այլ տարածքներից էլ չէին պատրաստվում հեռանալ։ Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա ավելի ակնհայտ է դարձել», - ասել է Ալիևը՝ հավելելով, որ միջնորդները փորձել են ամրապնդել այդ իրավիճակը:
Ադրբեջանի նախագահը դժգոհել էհատկապես Ֆրանսիայից: Նրա խոսքով՝ վերջին երկուսուկես տարվա ընթացքում հակաադրբեջանական գործողություններ են իրականացվում, Բաքվին ուղղված մեղադրանքներ են հնչում։ «Եվրախորհրդարանն Ադրբեջանի դեմ մի շարք բանաձևեր է ընդունել, դրանք հայամետ, կաշառակեր ու հակաադրբեջանական խմբավորման ձեռքի գործն է, և այդ գործընթացում առաջատար դերակատարում ունեն ֆրանսիացի պատգամավորները»,- նշել է Ալիևը:
ԻՐԱՆՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՍԱԴՐԱՆՔԻՆ
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին էլ անդրադառնալով Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքին՝ հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերը խաթարում են տարածաշրջանի անվտանգությունը:
Ֆադա Հոսեյն Մալեքի (Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ) - Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին գործողություններից հետո ռուսական կողմը զգուշացրել է Բաքվին, որ նրանք պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած սկզբունքներին և հրադադարի ռեժիմին: Ադրբեջանի իշխանությունները պետք է զգույշ լինեն և թույլ չտան, որ այլ երկրներ որևէ գործողություն ձեռնարկեն և խախտեն կարգուկանոնը տարածաշրջանում:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ ցանկանում են փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, իսկ Իրանը բազմիցս զգուշացրել է, որ դա վտանգավոր սցենար է և չի բխում տարածաշրջանի շահերից: