Լոռու մարզպետարանից հայտնում են, որ մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր աշխատանքային այցով եղել է Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքներում:
Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքները մեծամասամբ բնակեցված են մոլոկաններով: Շրջայցի ընթացքում Խաչատրյանը ծանոթացել է համայնքներում իրականացված ծրագրերին, նախատեսվող աշխատանքներին և ընթացիկ խնդիրներին:
Լերմոնտովո համայնքում նախորդ տարի սուբվենցիոն միջոցներով տուֆ քարով սալարկվել է 280 քառ մ գյուղամիջյան ճանապարհ:
Այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսում են սալարկել ևս 300 քառ. մ (ծրագրի արժեքը՝ 23 մլն դրամ է՝ 40 տոկոս համայնքային և 60 տոկոս պետական ներդրմամբ), ինչի արդյունքում գյուղամիջյան ճանապարհահատվածը և դեպի դպրոց տանող ճանապարհն ամբողջությամբ բարեկարգված կլինեն:
«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» աջակցությամբ համայնքը բազմաֆունկցիոնալ տրակտոր և միկրոավտոբուս է ձեռք բերել, որոնք ծառայում են տեղի բնակչությանը, ինչպես նաև եկամուտ ապահովում համայնքի համար:
Հիմնադրամի աջակցությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել, որն ապահովում է Լերմոնտովո և վերջինիս կազմում գտնվող Անտառաշեն բնակավայրերի արտաքին լուսավորությունը:
Անտառաշեն բնակավայրի լուսավորության ցանցն անցկացվել է նախորդ տարի համայնքի միջոցներով: Մարզպետն այցելել է նաև տեղի մանկապարտեզ, ուր 20 երեխա է հաճախում, շրջայց կատարել դպրոցում:
Ֆիոլետովո համայնքում այս տարի կիրականացվի առաջին սուբվենցիոն ծրագիրը. նախատեսում են կոյուղագիծ կառուցել:
Ծրագրի արժեքը շուրջ 58 մլն դրամ է, որի 35 տոկոսը համայնքի ներդրումը կլինի, 65-ը՝ պետբյուջեի:
Համայնքն իր միջոցներով նաև բարեկարգում է համայնքային կենտրոնի տարածքը, տանիքը:
Համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչյովը մարզի ղեկավարին տեղեկացրել է, որ բնակիչները չափազանց աշխատասեր են, նախաձեռնող և համայնքում գրեթե սոցիալական խնդիրներ չկան:
Լոռու մարզպետը խոստացել է հաճախակի լինել համայնքում: