ՀԵՐՑՈԳՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆԻՆ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երեկ ընդունել է հրեական պետությունում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը։ Իսրայելի նախագահը Twitter-ի իր էջում շնորհավորել է Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի առաջին դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
«Այս նշանակումը կարևոր իրադարձություն է, քանի որ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- հավելել է Հերցոգը։
Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն ստեղծելու որոշումը ընդունվել է նախորդ տարվա նոյեմբերին: Լրատվամիջոցները գրում են, որ մարտի 29-ին Թել Ավիվում նախատեսված է Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, ակնկալվում է, որ դրան կմասնակցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՉԻ ԱԶԴԻ ՌԴ ԾՐԱԳՐԵՐԻ ՎՐԱ. ՊԵՍԿՈՎ
Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի ծրագրերի վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հրաժարվել է այլ մեկնաբանություն տալ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահը երեկ հարցի հետ կապված ամեն ինչ ներկայացրել է:
Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է Բելառուսում տեղակայել իր մարտավարական միջուկային զենքը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով։ Նա նշել է, որ Ռուսաստանն այս քայլով չի խախտում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, քանի որ խոսքը ոչ թե Բելառուսին միջուկային զենք փոխանցելու, այլ նրա տարածքում այն տեղակայելու մասին է: Վլադիմիր Պուտինի հայտարարությանը հաջորդել էր աշխարհի տարբեր երկրների միջազգային կառույցների բուռն արձագանքը:
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Իրանի արտաքին գործերի նախարարը Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի և Էր Ռիադի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Զրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և բեն Ֆարհանը տեսակետներ են փոխանակել իրենց հանդիպումը Ռամադան սուրբ ամսվա ընթացքում անցկացնելու մասին: Հայտարարությունը հրապարակվել Է գերատեսչության Twitter-ի էջում։ Կողմերը խոսել են նաև Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կառուցողական ուղու մասին:
Ավելի վաղ Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ծրագրում է չեզոք տարածքում հանդիպել արքայազն Ֆեյսալի հետ։ Նրա խոսքով՝ Թեհրանն Էր Ռիադին առաջարկել է երեք երկիր, որոնք կարող են կազմակերպել իրենց հանդիպումը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ համաձայնության են եկել երկու ամսվա ընթացքում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։
ԼԻԲԱՆԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ
Լիբանանը հայտնվել է երկու ժամային գոտում՝ քաղաքական և կրոնական իշխանությունների միջև սրվող հակասությունների ֆոնին, որոնք առաջացել են ձմեռային ժամանակը մեկ ամսով երկարաձգելու որոշումից հետո: Վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հինգշաբթի որոշում է կայացրել մինչև ապրիլի 20-ը հետաձգել անցումն ամառային ժամանակին: Սակայն, շաբաթ օրը ազդեցիկ Մարոնիական կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ անտեսելու է որոշումը և ժամացույցները մեկ ժամ առաջ են տալու: Միքաթիի որոշումն ընդունվել է որպես մուսուլմանների հաղթանակ՝ Ռամադանի ընթացքում ծոմ պահողներին թույլ տալով չխախտել իրենց ծոմը, այն սկսել երեկոյան ժամը վեցին՝ յոթի փոխարեն:
Մարոնիական Եկեղեցին հայտարարել է, որ որոշումն ընդունվել է առանց մյուս դերասանների հետ խորհրդակցությունների, անտեսվել են միջազգային չափանիշները: Քրիստոնեական այլ կազմակերպություններ, կուսակցություններ և դպրոցներ հայտարարել են, որ հետևելու են Մարոնիական Եկեղեցու օրինակին։
Միևնույն ժամանակ, մահմեդական ինստիտուտներն ու կուսակցությունները, կարծես, մտադիր են հետևել Միքաթիի որոշմանը։ Կա վտանգ, որ այս ժամային քաոսը կխորացնի կրոնական պառակտումը երկրում:
ՊԱՅԹՅՈՒՆ ՔԱԲՈՒԼՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Քաբուլում 6 զոհի պատճառ դարձած ահաբեկչության հետևում կանգնած են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչը: Աֆղանստանի ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել Էր, որ առնվազն 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 3 զինվորական և ևս մի քանի մարդ տուժել է Քաբուլում պայթյունի հետևանքով: Այն տեղի էր ունեցել Քաբուլում Աֆղանստանի Արտաքին գործերի նախարարության շենքից ոչ հեռու: