ԱՌԱՋԸՆԹԱՑ ԻՐԱՆ-ԵԱՏՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին լիարժեք համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթաց կա, հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից: Գերատեսչությունից հույս են հայտնել, որ հնարավոր կլինի արագ հասնել ցանկալի արդյունքի: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի մասին հուշագիր են ստորագրել:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են նաև, որ մարտի 29-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները: Դիվանագետները կքննարկեն միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:
ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՈԼԴՈՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Եվրամիությանը Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում՝ Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովը շուտով զեկույց կհրապարակի ԵՄ ճանապարհին Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի առաջընթացի մասին, որի հիման վրա էլ կքննարկվի բանակցությունները սկսելու հարցը:
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է, որ Մոլդովայում քննարկել է հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Միշելը կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի Եվրոպայում անվտանգության բարձրացմանը։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՍՈՒՄԻԻ ՇՐՋԱՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Ռուսաստանին սահմանակից Սումիի շրջան, որտեղ անցած տարի փետրվարին կատաղի մարտեր էին ընթանում, և մոտ մեկ ամիս տևած ռազմական գործողություններից հետո ռուսական զորքերը նահանջեցին։
«Այստեղից ոչ շատ հեռու գտնվում է պետական սահմանը։ Ուկրաինացիները շարունակելու են ապրել այստեղ՝ գյուղերում ու քաղաքներում, որոնք մենք կվերականգնենք պատերազմից հետո», - Ախտիրկա այցելության ժամանակ հայտարարել է Զելենսկին։
Երեկ էլ Վոլոդիմիր Զելենսկին այցելել էր Զապորոժիեի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, եղել ուկրաինական զորքերի մարտական դիրքերում։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին Կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Այսօր բողոքի ակցիաները շարունակվել են երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում: ԶԼՄ-ների տվյալով՝ Փարիզում տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց: Որոշ քաղաքացիներ կոտրել են խանութների ցուցափեղկերը, այրել աղբամաններ, ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել:
Բողոքի երթերի ֆոնին հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը փակ է այցելուների համար, քանի որ Փարիզի գլխավոր խորհրդանիշի աշխատակիցները նույնպես գործադուլ են հայտարարել: Գործադուլ են անում նաև երկաթուղիների աշխատակիցները, մայրաքաղաքի որոշ հատվածներում երթևեկությունը կաթվածահար է: Փարիզում շարունակվում է կուտակվել կենցաղային աղբը: Աղբահանությամբ զբաղվող մունիցիպալ ձեռնարկությունները գործադուլ էին հայտարարել, ինչի հետևանքով Փարիզյան փողոցների մեծ մասը ծածկված է աղբով։
Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են եղել Ֆրանսիայի արևմտյան Նանտ քաղաքում: Ցուցարարները հրկիզել են բանկերից մեկի շենքը, բարիկադներ կառուցել և տարբեր առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել։ Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել նաև Լիոնում: Մի խումբ ցուցարարներ ջարդել են բանկերի ու խանութների ապակիները, քարեր, դատարկ շշեր ու ճայթուկներ նետել իրավապահների վրա։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով` երկրի ողջ տարածքում 13 հազարից ավելի ոստիկան է հերթապահում։
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ ԻՏԱԼԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ
Իտալիայի հյուսիսում անտառային հրդեհներ են մոլեգնում: Վարեզե նահանգում հրշեջներին չի հաջողվում մարել ուժեղ քամիների և չոր եղանակի պատճառով տարածվող կրակը: Վերջերս Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել՝ նշելով, որ ձմռանն տեղումների բացակայության և նորմայից բարձր ջերմաստիճանի հետևանքով երաշտի վտանգ կա, մասնավորապես, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Բրիտանիայում, հյուսիսային Իտալիայում, Հունաստանում և Արևելյան Եվրոպայի մի շարք բնակավայրերում:
Իշխանություններն ահազանգում են, որ այս տարի, հնարավոր է, բախվեն 2022 թվականին ստեղծված իրավիճակին, երբ Եվրոպայում կրակի պատճառով ոչնչացավ 785,000 հեկտար անտառ:
Ավելի վաղ հրդեհներ էին արձանագրվել նաև Իսպանիայում: Վալենսիայի իշխանությունները ստիպված են եղել հարյուրավոր քաղաքացիների տարհանել: