Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերի ֆոնին հայտարարվել է, որ Էյֆելյան աշտարակը փակում է դռները այցելուների համար, քանի որ աշխատակազմը նույնպես գործադուլ է հայտարարել:
Գործադուլ են անում նաև երկաթուղիների աշխատակիցները, մայրաքաղաքի որոշ հատվածներում երթևեկությունը կաթվածահար է:
Փարիզում լուրջ խնդիր է նաև աղբահանությունը: Աղբահանությամբ զբաղվող համայնքային ձեռնարկությունները գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով փարիզյան փողոցների մեծ մասը ծածկված է աղբով։
Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են եղել Ֆրանսիայի արևմտյան Նանտ քաղաքում: Ցուցարարները հրկիզել են բանկերից մեկի շենքը, բարիկադներ կառուցել և արկեր նետել իրավապահների ուղղությամբ, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել։