ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Արծարծվել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի Լանջիկ–Գյումրի հատվածի իրականացման առաջընթացը և առկա խնդիրները։
Հավանություն է տրվել դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր լրացուցիչ մուտքեր կառուցելու առաջարկությանը։
Անդրադարձ է արվել Տրանշ 4, Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման նպատակով օտարման և տարաբնակեցման գործընթացն իրականացնելու կարևորությանը և այդ նպատակով մասնագիտական խումբ ներգրավելու անհրաժեշտությանը։
Հանձնարարվել է իրականացնել համապատասխան ծառայությունների գնման գործընթաց:
Դիտարկվել են նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի ավարտման փուլի վերաբերյալ հարցերը։
Աշխատանքների որակի երաշխիքային ժամկետում պատշաճ վերահսկողություն ապահովելու նպատակով քննարկվել է տեխնիկական հսկողի ծառայությունների ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը։