Երեկ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այդ հատվածում մարտական հերթապահություն իրականացնող Պաշտպանության բանակի զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է:
Վլադիմիր Հարությունյան (ռազմական փորձագետ) - Իհարկե, այդ ճանապարհի վերահսկողությունը նախկինում տեխնիկական միջոցներով էլ կարող էին իրականացնել, բայց այս վերջին զինված առաջխաղացումը նշում է այն մասին, որ Ադրբեջանը չի բավարարվում դրանով և փորձում է նաև ռազմական վերահսկողություն սահմանել՝ դրանով իսկ ցուցադրլու իր ուժը և թելադրելու իշխողի իր դերը և՛ ռուսների նկատմամբ, և՛ հայկական զինուժի նկատմամբ: Եվ պարզ է, որ դրանով չի սահմանափակվելու, քանի որ գիտենք, որ ցանկացած հաջողված առաջխաղացում իր հետ բերելու է տեղանքում ամրապնդվելու և հետագայում առաջխաղացումը զարգացնելու հնարավորություն: Հետևաբար, պետք է այս սցենարը մշակվի, և խնդիրները դիտարկվեն նաև այս տեսանկյունից:
ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐԻ ԴԻՄԵՆ. ՓՈՐՁԱԳԵՏ
Կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ ադրբեջանական զինուժը մարտի 25-ին էլ հատել էր Արցախի զինված ուժերի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ: Ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը նաև խախտվել է 2022-ի փետրվարի 22-ի Մոսկովյան հռչակագիրը՝ դաշնակցային փոխգործակցության մասին:
Վլադիմիր Հարությունյան - Որտեղ նշվում է, որ կողմերը ձեռնպահ են մնում որոշակի գործողություններից, որոնք հարված կհասցնեն կողմերի հեղինակությանը: Եվ այս առումով քանի որ գործողություններն իրականացվել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, պետք է հետևեն անհապաղ գործողություններ:
Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը հակառակ՝ Բաքուն շարունակում է Արցախի շուրջ օղակը սեղմել: Իրավիճակը լիցքաթափելու համար ռուս խաղաղապահները պետք է հստակ քայլերի դիմեն՝ ասում է Հարությունյանը:
Վլադիմիր Հարությունյան - Ըստ ռուսական կողմի՝ իրենք նորից բարձրացել են ու տիրում են այդ բարձունքին, վերահսկողություն են սահմանել: Բայց այդ վերահսկողությունը զուտ վերացական բառեր չպետք է լինեն, այլ լիարժեք տիրելու համար փաստացի կողմերից մեկը պիտի գտնվի այդ բարձունքում: Բնականաբար, հարկադրել հակառակորդին ելման դիրքեր վերառառնալու՝ չնայած վերջին դեպքերը, նաև Փառուխի դեպքը ցույց են տալիս, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ամրանալ այդ գոտիներում:
Ադրբեջանական շարունակվող ագրեսիայի թիրախում են հայտնվում նաև քաղաքացիական անձինք: Մարտի 25-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ են արձակվել այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ: