Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրում բողոքի զանգվածային ցույցերի պայմաններում հանդես է եկել ուղերձով, հաստատել, որ դատական համակարգի փոփոխությունները կասեցված են մինչև ամառ։ Նրա խոսքով՝ իշխող կոալիցիան պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել ընդդիմության հետ։
«Մենք պնդում ենք, որ դատական համակարգում պետք է փոփոխություններ կատարվեն, ուստի հնարավորություն կտանք, որ ավելի համապարփակ համաձայնության հասնենք։ Հասարակական պառակտումը կանխելու նպատակով որոշել եմ կասեցնել այս օրենքի երկրորդ և երրորդ ընթերցումները Կնեսետի այս նստաշրջանում»,- նշել է վարչապետը։
Նեթանյահուի հայտարարությունից հետո Իսրայելի Աշխատանքի ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ դադարեցվում է համընդհանուր գործադուլը: Բեն Գուրիոն օդանավակայանը նույնպես վերսկսել է աշխատանքը:
Չնայած Իսրայելի վարչապետի ուղերձին՝ բողոքի ակցիաները շարունակվել են: Ցուցարարները հավաքվել են Թել Ավիվում կառավարական շենքերի համալիրի դիմաց: Ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են եղել, իրավապահները ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարները փողոցներում խարույկներ են վառել, հակակառավարական կարգախոսներ հնչեցրել:
Առաջին անգամ փողոց են դուրս եկել նաև Նեթանյահուի կողմնակիցները: Նրանց և դատական փոփոխություններին դեմ հանդես եկող ցուցարարների միջև նույնպես բախումներ են եղել: