44-օրյայի հետևանքով վիրավորված զինծառայողների համար 2021-ի հոկտեմբերին մեկնարկած ՏՏ դասընթացը երբևէ չի ընդհատվել, ծրագիրը շարունակվում է: Առաջին փուլով 60 տղաներից 30-ը սովորել են արհեստական բանականության, 30-ը՝ 3 D մոդելավորման խմբում: Նախաձեռնությունը սկսվել է պատերազմի օրերին հիվանդանոց ու վերականգնողական կենտրոններ՝ վիրավորներին այցի ժամանակ: Որոշվել է կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթաց՝ վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար:
Լիլիթ Սահակյան («Մտքի զարկ» ՀԿ համահիմնադիր) - Առաջին փուլում մենք հասկացանք, որ այս տղաներն ունեն լուրջ խնդիրներ սոցիալական դաշտում: Կային տղաներ, որոնց ընտանիքում կար հաշմանդամություն ունեցող 3 անձ, ունեին ֆինանսական խնդիրներ դասերին հաճախելու հարցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա այցի ժամանակ՝ մարտի 2-ին հայ համայնքի հետ հանդիպմանը, «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» կազմակերպությունից Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե վիրավոր զինծառայողների համար իրենց մասնակցությամբ նախաձեռնված կրթական ծրագիրը լուծարվել է:
Միքայել Մինասյան - Քանի որ ֆինանսները գալիս էին հիմնականում Գերմանիայից, հերիք չէր, ուզեցինք 2-րդ փուլ, 3-րդ փուլ, շարունակական լինի: Ի զորու չէինք մասնակցել տենդերի, դիմեցինք ԲՏԱ, եկեղեցի, առերես ամեն ինչ կանենք, տարբեր տեղեր, ծրագիրը լուծարվեց:
Սահակյանի խոսքով՝ Գերմանիայի համահայկական հիմնադրամը «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» կազմակերպության միջոցով մեկանգամյա աջակցություն է տրամադրել ծրագրին՝ 2 ամսվա կրթաթոշակի և 5 դասախոսի 4 ամսվա գումարը. ընդհանուր 20 հազար եվրո և 11 համակարգիչ: Ծրագիրն այժմ իրականացվում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի շենքում, տրամադրվել են համակարգիչներով կահավորված սենյակներ: Ծրագրի 2-րդ փուլը մեկնարկել է այս տարվա փետրվարին: Վեբ-ծրագավորում և արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում խմբերում սովորում է 30 ուսանող:
Լիլիթ Սահակյան - Ծրագիրը 2021-ից գործում է ամեն օր, շաբաթական վեց օր: Ծրագիրը գործում է մեկուկես տարի շնորհիվ ընկերների, բարերարների, գործընկերների, Հայաստանում գործող ընկերությունների, կազմակերպությունների, նաև Գևորգյան ընտանիքի:
Ըստ Սահակյանի՝ տղաներն իրենց գիտելիքով կարողանում են նաև աշխատանք գտնել: Ջրականում վիրավորված Գեորգի Սահակյանը վերականգնողական բուժման ընթացքում է տեղեկացել ծրագրի մասին, մասնակցել, ավարտել է, հիմա արդեն աշխատում է: Պատերազմի մասնակից Նարեկ Պողոսյանը սովորել է բարձրագույն մաթեմատիկա, ավարտել ծրագիրն ու հիմա աշխատում է դասընթացին միացած նոր սաների հետ:
Նարեկ Պողոսյան (դասընթացի մասնակից) - Ունենք նոր ուսանողներ՝ ավելի քան 30, փորձում ենք նրանց սովորեցնել բարձրագույն մաթեմատիկայի հիմքերը: Տղաները կանցնեն բարդ փուլի, ալգորիթմները կազմում են այս աշխատաշուկայի հիմքը: Արհեստական բանականությունը մուտք է գործում գյուղատնտեսությունից արդյունաբերություն, ռազմարդյունաբերություն, տղաները կհասկանան՝ իրենց գիտելիքը որտեղ օգտագործեն:
Գեորգի Սահակյան (դասընթացի մասնակից) - Ցանկություն եմ հայտնել փոխել ոլորտս, մինչ այդ ֆինանսիստ եմ եղել: Առաջարկվեցին քննություններ, անցա, հետո սկսվեց դասընթացը: Սկսել ենք անգլերեն, մաթեմատիկա... Արհեստական բանականության ուղղությունը պահանջված է, հիմա աշխատում եմ:
Արման Դարբինյանն էլ տղաներին տրամադրում է գիտական խորհրդատվություն: Նրա խոսքով՝ խնդիր էր դրվել այնպիսի կրթական ծրագիր մշակել, որը պատերազմից վերադարձած տղաներին կդարձներ ոչ միայն ՏՏ, այլև անվտանգային ժամանակակից խնդիրներ լուծող պրոֆեսիոնալ մասնագետներ:
Արման Դարբինյան (Հայ-ռուսական համալսարանի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ) - Օր օրի կարողանում էին ավելի պրոֆեսիոնալ աշխատանք կատարել: Այնպիսի իդեալական ծրագիր մշակվեց, որ կարողացան հասցնել, որ ներկայացրին պատրաստի պրոդուկտ: Հրաշալի համագործակցություն է:
Քանի որ դիմորդները շատ են, այստեղ մտադիր են ընդլայնել ծրագիրը: Կավելացվեն նոր բաժիններ ու մասնագիտություններ, կներգրավեն նոր դասախոսների: Ամենամեծ խնդիրը, որ դրել են իրենց առջև, աջակցել տղաներին՝ հաղթահարելու սոցիալական, հոգեբանական, կրթական խոչընդոտները: