Կասկադում սակուրա տեսակի ծառեր տնկելուն հաջորդած հանրային քննադատությանն ի պատասխան Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ճապոներեն ողջունեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենին: Փոխքաղաքապետը նշեց՝ հին ծառերի հատման և դրանք նորերով փոխարինման վերաբերյալ հասարակությունը ճիշտ չի տեղեկացվել, ու տպավորություն է ստեղծվել, որ քաղաքապետարանն ամբողջ Երևանը ցանկանում է պատել սակուրաներով: Մայրաքաղաքի կանաչապատման համար պատասխանատու կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանի հավաստմամբ՝ սակուրաները փոխվող ծառերի փոքր տոկոսն են կազմելու:
Արմեն Բեգոյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Սակուրաներ ձեռք ենք բերել ընդամենը 150 հատ՝ նախատեսվող 2500 ծառի մեջ: Ընդամենը 8-10 հոգի, ուղղորդված Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի կողմից, նկատեցինք նաև քաղաքական այլ կուսակցություններ ներկայացնող անձանց, որոնք Ֆեյսբուքի գրառումներով և իրենց մոտ գտնվող լրատվական կայքերով տարածեցին ինֆորմացիա, որ՝ հասեք, փրկեք, Երևանի քաղաքապետարանը տապալում է հասուն ծառեր:
Արմեն Բեգոյանը հավելեց՝ Կասկադում տնկելու համար ընտրվել են քիչ սաղարթ ունեցող սակուրաները, որ հետագայում չխանգարեն հարակից շենքերի բնակիչներին: Մտածել են՝ վարդագույն ծառերը տնկեն վարդագույն մայրաքաղաքի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ: Տիգրան Ավինյանն էլ հավելեց՝ փոխարինվելու են բոլոր հիվանդ ծառերը, հավաստիացրեց, թե առաջիկա 7-8 տարվա ընթացքում Երևանում պետք է տնկվի 200 հազար ծառ:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Կասկադը Երևանի սիրտն է: Երևանի սրտում սրճարանների մոտ գտնվող բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, բայց թե ինչով պետք է փոխարինվեն, սա այն հարցերից է, որ պետք է դրվեն հանրային քննարկման, որովհետև մենք նախանշում ենք մոտակա 50-100 տարիներում ինչպիսի տեսք է ունենալու Կասկադը, և այդ հարցում երևանցիների կարծիքը կարևոր է և պետք է հաշվի առնել:
ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԸ՝ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Գործակարգավարական խորհրդակցության հաջորդ թեման մայրաքաղաքի տրանսպորտի հարցն էր: Տեսական և գործնական պարապմունքներ անցնելուց հետո 80 վարորդ արդեն գրեթե պատրաստ է սկսել աշխատանքը: Տիգրան Ավինյանը տրանսպորտի վարչությանը հանձնարարեց առաջիկայում հստակ տեղեկություն փոխանցել նոր ավտոբուսների գիծ դուրս գալու վերաբերյալ:
Տիգրան Ավինյան - 237 ավտոբուս ունենք հիմա կանգնած: Հաջորդ գործակարգավարական նիստին պետք է խնդրեմ, որ ամբողջական ծրագիրը ներկայացնենք: Մենք այս շաբաթ ունենալու ենք մաքսազերծման հետ կապված բոլոր հարցերը լուծած, դա էլ մեզ չի խանգարելու:
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՂԲԻ ԽՆԴԻՐԸ
Փոխքաղաքապետն անդրադարձավ նաև Կորեայի ձոր կոչվող վայրում մեծ քանակությամբ շինարարական աղբ թափելու դեպքերին: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց՝ շինարարական թույլտվություններում նշված է, թե ուր պետք է տեղափոխվի շինաղբը՝ Սիլիկյան թաղամասի մոտակայքում գործող շինարարական աղբավայր, սակայն որոշ խոշոր կառուցապատողներ անտեսում են այդ պահանջը:
Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Վարչական շրջանների ղեկավարների հետ ունեինք պայմանավորվածություն, որ պարբերաբար պետք է իրականացնեն պարբերաբար հերթապահություն և ռեյդ: Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, բավականին թուլացրել են աշխատանքը վարչական շրջանների ղեկավարները, մարդիկ սկսել են առիթից օգտվել:
Երևանի քաղաքապետի տեղակալն ընգծեց՝ սա քաղաքի ամենամեծ խնդիրներից մեկն է: Պատասխանատուներին Տիգրան Ավինյանը հանձնարարեց հարցը լուծել 2 շաբաթվա ընթացքում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան