Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսված 472 միջոցառումը կատարվել է սահմանված ժամկետում: Տարածվել են 23 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: Նշվել է, որ 2022-ի հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով:
Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Միջազգային գործընկեր կառույցների օժանդակությամբ կազմվել են ռեսուրսներ-օգտագործում աղյուսակները, նոր մեթոդի կիրառմամբ մշակվել և հրապարակվել են համախառն ներքին արդյունքի եռամսյակային ցուցանիշների սեզոնային ճշգրտված տվյալները, հրապարակվել է «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտություն» զեկույց-հաշվետվությունը: Ծրագրեր են իրականացվել Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Շարունակվել է գործակցությունը ինչպես վարչական ռեգիստր վարող պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային աշխատանքային խմբերի հետ:
Արդիականացվել են Ազգային հաշվետվողականության հարթակի ցուցանիշները: Արդիականացվել է 139 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագիր, Եվրամիության միասնական ինտեգրված մեթատվյալների կառուցվածքը:
Վարչապետին մանրամասներ են ներկայացվել Վիճակագրության պետական խորհրդի գործունեության, ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, ինտեգրված պետական վարչական ռեգիստրների համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ: Քննարկման առարկա են դարձել առաջիկա անելիքները:
Վարչապետը կարևորել է ոլորտի բարեփոխումները՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային վիճակագրական համակարգի զարգացման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել միջգերատեսչական տվյալների շտեմարանների շարունակական փոխգործելիություն՝ հիմք ունենալով հասանելիության իրավական կարգավորումները: Վարչապետը կարևորել է ոլորտում թվային գործիքակազմի լայն կիրառումը: