ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում ծանոթացել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին։
Կենտրոնը նախատեսված է Իջևանի մշակույթի տան մի հատվածում և զբաղեցնում է մոտ 100 քմ տարածք։
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է կենտրոնի արտաքին և ներքին ձևավորման, կահավորման, որակական չափանիշների, հարակից տարածքի բարեկարգման, ընթացիկ այլ խնդիրներով։ Նա հատկապես ընդգծել է ներառականությունն ապահովող հնարավորությունների կարևորությունը՝ մասնավորապես թեքահարթակների առկայության, համապատասխան միջավայր ստեղծելու առումով։
Նախարարի տեղակալին հայտնել են, որ շենքը կոսմետիկ վերանորոգման փուլում է․ հիմնական աշխատանքներն արդեն արված են, և շուտով այն դռները կբացի տավուշցի երիտասարդների առջև։ Ներկայացվել են տարբեր սրահների բովանդակությունն ու թեմատիկ նշանակությունը, ինչպես նաև ընթացիկ խնդիրները, որոնք հաջորդիվ լուծում կստանան՝ համայնքապետարանի հետ համագործակցելով։
ԿԳՄՍ փոխնախարարի գնահատմամբ՝ կենտրոնի աշխարհագրական դիրքը և շենքի պատմական նշանակությունն արդեն իսկ լավ նախապայմաններ են՝ լիարժեք ապահովելու երիտասարդների մասնակցայնությունն ու ակտիվությունը։
Երիտասարդական կենտրոնը կառուցվում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթի շրջանակում։ Այն երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց սոցիալականացումը:
ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախատեսված է մինչև 2026 թվականը ՀՀ ամբողջ տարածում ունենալ 25 երիտասարդական կենտրոն. դրանցից երկուսը՝ մեկը Իջևանում և մյուսը՝ Մեղրիում, շուտով կհանձնվեն շահագործման:
Երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակն է բացահայտել ու շարունակական զարգացնել տվյալ համայնքների երիտասարդների կարողությունները, բարձրացնել իրազեկվածության մակարդակը, կազմակերպել ինտելեկտուալ ժամանց: