Շոտլանդիայի առողջապահության նախարար Համզա Յուսաֆը ընտրվել է Շոտլանդիայի ազգային կուսակցության նոր ղեկավար և դրա հիման վրա կգլխավորի տարածաշրջանային կառավարությունը: Այդ մասին երկուշաբթի հայտնել է կուսակցության քարտուղարը՝ ամփոփելով երկշաբաթյա քվեարկության արդյունքները։
Վերջնական հաշվարկները ցույց են տվել, որ Յուսաֆը հաղթել է քվեարկության երկրորդ փուլում՝ ստանալով կուսակցության ավելի քան 26 հազար անդամի աջակցությունը (քվեարկությանը մասնակցածների 52,1 տոկոսը): Երկրորդ տեղում ֆինանսների նախարարության ղեկավար Քեյթ Ֆորբսն է (23,9 հազար ձայն կամ 47,9 տոկոս): Երրորդ թեկնածուն՝ համայնքների անվտանգության հարցերով նախկին նախարար Աշ Ռեգանը, չի անցել երկրորդ փուլ՝ ստանալով ընդամենը 5,6 հազար մարդու աջակցությունը:
Յուսաֆն այդ պաշտոնում կփոխարինի Նիկոլա Սթերջենին, որը 2014 թվականից ղեկավարում էր կուսակցությունը և տարածաշրջանային կառավարությունը:
Կուսակցության նոր ղեկավարն անմիջապես հայտարարել է, որ առաջին նախարարի պաշտոնում հաստատվելու դեպքում ներկայացնելու է Շոտլանդիայի բոլոր բնակիչներին, անկախ նրանց քաղաքական նախասիրություններից: Յուսաֆը նաև ասել է, որ շարունակելու է Շոտլանդիայի անկախության քաղաքականությունը: