Կառուցապատողին, շինարարին ու ոլորտը վերահսկող տեսչական մարմնի մասնագետներին մեկտեղել են ոլորտային խնդիրները: Մայրաքաղաքում օդի մթնոլորտը շարունակում է աղտոտված մնալ: Հիմնական պատճառը Երևանում աննախադեպ ծավալի շինարարությունն է, նկատում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում:
Հովհաննես Մարտիրոսյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) - Ունենք խնդիր արձանագրած՝ շինհրապարակում ամեն ինչ նորմալ ա, լվացումն էլ անում են, ծածկած ա, ամեն ինչ նորմալ ա, դուրս ա գալիս մինչհամայնքային ճանապարհ, դե, հիմա էդ ծանր բեռնատարների հետևանքո՞վ ա քանդվել, թե՞ ի սկզբանե քանդված ա եղել վատ եղանակի ժամանակ, ստացվում ա, որ էդ մեծ բեռնատարները ավելի շատ աղտոտում ու փոշի են տարածում:
Տեսչականի ղեկավարը վստահեցնում է՝ եթե շինհրապարակներում ջրցանումը ժամանակին կատարվի, շինաղբն էլ սահմանված նորմերին համաձայն հեռացվի, լուրջ խնդիրներ չեն լինի: Քննարկմանը մասնակցող Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց՝ 2022-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում օդի որակի մոնիթորինգի ուսումնասիրման հինգ սարք են տեղադրել: Դրանք չափում են օդի, փոշու աղտոտվածությունը և գազերի արտանետումները:
Գորիկ Ավետիսյան (Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար) - Եվս 5-ով նպատակ ունենք ավելացնելու, և մեր դիտարկումները ցույց են տալիս, որ, այո՛, փոշու արտանետումները հատկապես ամառվա չոր եղանակներին շատ բարձր են և իրենց մեջ հանրային առողջության համար մեծ ռիսկ են պարունակում, քանի որ բարձր է հատկապես PM 2.5 փոշու մակարդակը, պատճառը նաև շինհրապարակներն են:
Տեսչականի ղեկավարը հիշեցնում է՝ իրենց առաքելությունը տուգանելը չէ, այլ օդը մաքուր պահելը, և որ որևէ կառուցապատողի թիրախավորելու, գործունեությունը կասեցնելու խնդիր չունեն։ Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել որոշումը, ըստ որի կառուցվող շենքերը պետք է պարտադիր պատված լինեն անթափանց թաղանթով: Խոշոր կառուցապատողներին միավորող ասոցիացիայի փոխնախագահի պնդմամբ՝ տարբերակն ընդունելի է, եթե անթափանց թաղանթով ծածկեն միայն այն հարկը, որտեղ աշխատանք է իրականացվում, այլապես չի բացառվում, որ հավելյալ ֆինանսական բեռի պատճառով բարձրանան բնակարանների գները:
Արայիկ Քուրդյան (Կառուցապատողների հայկական ասոցիացիայի փոխնախագահ) - Անթափանց թաղանթով պատվելու դեպքում աշխատանքը երեք անգամ կդժվարացնի՝ կռունկավարի աշխատանքը, բանվորների աշխատանքը, բետոնի մեքենայի մոտեցման աշխատանքը, ամրանների մոտեցման աշխատանքը: Չէ՞ որ էդ ամեն ինչը պրոցես ա, շինարարական հրապարակը սիրում է ազատ ռեժիմ:
Ոլորտը վերահսկող տեսչական մարմնի ղեկավարը կրկնում է՝ հունվարի 1-ից հետո շինթույլտվություն ստացած կառուցապատողները պետք է պարտադիր կատարեն պահանջը, հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն: Իսկ դատելով շինթույլտվությունների քանակից՝ առաջիկայում մայրաքաղաքում մոտ 240 նոր շինհրապարակ կբացվի: