ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՄՏԱԴԻՐ Է ԿԱՍԵՑՆԵԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո կոալիցիայի ղեկավարին ասել է, որ մտադիր է կասեցնել դատաիրավական բարեփոխումների գործընթացը։ Այսօր նման խնդրանքով խորհրդարանին դիմել էր նաև նախագահ Իցհակ Հերցոգը։
Նեթանյահուի աղմկահարույց նախաձեռնությունը Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակումն էր, ինչը, ընդդիմության համոզմամբ, կհանգեցնի անկախ դատական համակարգի վերացմանը։ Հունվարի սկզբից հազարավոր մարդիկ բողոքում են Իսրայելում դատական բարեփոխումների դեմ։ Վերջին օրերին ցույցերն առավել մարդաշատ են դարձել: Գիշերը Իսրայելի տարբեր քաղաքներում ցույցերը վերածվել են բախումների: Պատճառը երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշումն էր՝ պաշտոնանկ անել երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին:
Պաշտոնանկությունից մեկ օր առաջ նա կառավարությանը կոչ էր արել դադարեցնել դատական համակարգի բարեփոխումների նախագիծը:
Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանից ոչ մի թիռչք չի իրականացվի այսօր Իսրայելի արհմիությունների հայտարարած գործադուլի պատճառով: Գործադուլ են հայտարարել նաև համալսարանների, հիվանդանոցների և այլ ոլորտների աշխատակիցները:
ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՉԻ ԱԶԴԻ ՌԴ ԾՐԱԳՐԵՐԻ ՎՐԱ. ՊԵՍԿՈՎ
Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի ծրագրերի վրա՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հրաժարվել է այլ մեկնաբանություն տալուց՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահը երեկ հարցի հետ կապված ամեն ինչ ներկայացրել է:
Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է Բելառուսում տեղակայել իր մարտավարական միջուկային զենքը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով։ Նա նշել է, որ Ռուսաստան այս քայլով չի խախտում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, քանի որ խոսքը ոչ թե Բելառուսին միջուկային զենք փոխանցելու, այլ նրա տարածքում այն տեղակայելու մասին է: Վլադիմիրի Պուտինի հայտարարությանը հաջորդել էր աշխարհի տարբեր երկրների միջազգային կառույցների բուռն արձագանքը:
ԲԱՅԴԵՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՄՏԱԴԻՐ Է ՊԱՀԵԼ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պահպանել ամերիկյան զորքերի ներկայությունը Սիրիայում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։ «Մեր առաքելությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում չի փոխվի: Սիրիայում մեր մոտ 1000 զինծառայողները պայքարում են այդ խմբավորման դեմ, այն դեռ կենսունակ է: Մենք միշտ պաշտպանելու ենք մեր զինվորականներին ու մեր օբյեկտները»,- ասել է Քիրբին CBS-ի եթերում:
Նախորդ շաբաթ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել էր անօդաչու թռչող սարքի հարձակման: Մեկ մարդ զոհվել էր, 5 ամերիկացի զինվոր, ևս մեկ պայմանագրային աշխատակից վիրավորվել։ ԱՄՆ իշխանությունները հարձակման համար մեղադրել էին իրանամետ սիրիական կազմավորումներին և օդային հարվածներ հասցրել նրանց դիրքերին:
ԱՄՆ զինվորականները Սիրիայում հսկողության տակ են պահում այդ երկրի նավթի և գազի որոշ հանքավայրեր: Դամասկոսը ամերիկյան ռազմական ներկայությունը համարում է անօրինական և պահանջում է դուրս բերել ամերիկյան զորակազմն իր տարածքից։
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Իրանի արտաքին գործերի նախարարը Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի և Էր Ռիադի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Զրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և բեն Ֆարհանը տեսակետներ են փոխանակել իրենց հանդիպումը Ռամադան սուրբ ամսվա ընթացքում անցկացնելու մասին: Հայտարարությունը հրապարակվել Է գերատեսչության Twitter-ի էջում։
Կողմերը խոսել են նաև Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կառուցողական ուղու մասին: Ավելի վաղ Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ծրագրում է չեզոք տարածքում հանդիպել արքայազն Ֆեյսալի հետ։ Նրա խոսքով՝ Թեհրանն Էր Ռիադին առաջարկել է երեք երկիր, որոնք կարող են կազմակերպել իրենց հանդիպումը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ համաձայնության են եկել երկու ամսվա ընթացքում դիվանագիտականհարաբերությունների վերականգնման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։
ԷՐԴՈՂԱՆԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՈՎ «ԲԱՅՐԱՔԹԱՐԸ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույց է տվել ուկրաինական շարժիչով նոր «Բայրաքթար» կործանիչ անօդաչու սարքը։ Լուսանկարը Թուրքայի առաջնորդը տեղադրել է Թվիթերի իր միկրոբլոգում: Նոր անօդաչու կործանիչը համալրված է տուրբոռեակտիվ շարժիչով, որն արտադրում է ուկրաինական «Մոտոր սիչ» ընկերությունը: