Նախորդ տարվանից սկսված երկնիշ աճի տեմպերը պահպանվում են նաև այս տարի: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները: Հունվար-փետրվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ: Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 77.7 տոկոս, արտահանումն աճել է 96.4, իսկ ներմուծումը՝ 67.4 տոկոսով: Ծառայությունների ծավալն աճել է 23.5, շինարարությունը՝ 13.2, առևտրի շրջանառությունը՝ 18, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 տոկոսով: Անկում է գրանցել էլեկտրաէներգիայի արտադրությունը 0.2 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 8.1, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 0.8 տոկոս:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այն կանխորոշումը, որ պետք է արդեն 23 թվականին տնտեսական անկման հետք զգացվեր, առայժմ, փաստորեն, միգուցե նաև իներցիայով, միգուցե նաև ճիշտ վարչական աշխատանքով հնարավոր է եղել երկնիշ թիվը պահել:
Պատգամավորը նշում է՝ կոնկրետ արդյունաբերության համար ակտիվ շրջանը ապրիլ-մայիս ամիսներից է սկսում, և ընդամենը մեկ տոկոսանոց աճի ցուցանիշը տարվա ընթացքում կմեծանա: Սերգեյ Բագրատյանն անդրադառնում է նաև էլեկտրաէներգիայի արտադրության անկմանը:
Սերգեյ Բագրատյան - Արդյունաբերությունը, որ ակտիվ չի եղել, բնականաբար, ավելի քիչ էներգիա է սպառել, և նաև, որպես կանոն, ձմռանը գազի ծավալներն են էներգիայի ընդհանուր կառուցվածքի մեջ, գազի ծավալն է ավելանում, էլեկտրաէներգիան նվազում է:
Մասնագետների գնահատմամբ՝ առկա աճի տեմպերը դրական են, սակայն երկարաժամկետ առումով պետք է շեշտն այլ ոլորտների վրա դնել: Անուշ Շիրինյանի կարծիքով՝ տնտեսության վիճակը որակապես կփոխվի, եթե ծառայությունների ու առևտրի փոխարեն առաջատար ճյուղը դառնա արդյունաբերությունը:
Անուշ Շիրինյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի դոցենտ) - Երկնիշ ցուցանիշ ունենք, այո՛, բայց որակական առումով պետք է արձանագրենք, որ հիմնականում ծառայությունների և առևտրի աճն է այդ երկնիշ ցուցանիշը ապահովել, իսկ ծառայությունների ոլորտի մեջ առանձնակի առանձնանում են ֆինանսաբանկային և ապահովագրական գործունեության ոլորտը, որին հաջորդում են տեղեկատվության և կապի և տրանսպորտի ոլորտները, իսկ առևտրի շրջանառության մեջ արդեն մեծածախ առևտրի աճը բազմապատիկ անգամ գերազանցում է մանրածախ առևտրի աճին:
Սերգեյ Բագրատյանն առանձնացնում է շինարարության աճի բարձր տեմպը: Պատգամավորը համեմատում է 2000-ականներից հետո եղած ակտիվության հետ՝ նշելով, որ այժմյան ծավալների մեծացումը ռեալ պահանջարկի արդյունք է և որակական աճ է:
Սերգեյ Բագրատյան - Հիմա ավելի շատ Կվարտալում, 3-րդ մասում, շրջակայքում, Դավթաշենում, այսինքն՝ այլևս Փոքր կենտրոնում չի կառուցապատում իրականացվում, Փոքր կենտրոնի բնակարանատերերը թիրախավորված են, փոքր օլիգարխիկ հնարավորություններով մարդիկ էին: Ներկայումս միջին խավը՝ մանկավարժները, դասախոսները, բժիշկները, ի վիճակի են, հատկապես երիտասարդ ընտանիքները ի վիճակի են հիփոթեքով բնակարաններ գնելու:
Միայն փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 11.3 տոկոս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան