Այսօր սպասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուհի ուղերձը: Փորձագետները կարծում են, որ ելույթի ընթացքում Իսրայելի վարչապետը կհայտարարի դատական բարեփոխումների օրինագծի սառեցման մասին: Վաղ առավոտյան Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը:
«Այս գիշեր մենք ծանր տեսարանների ականատես եղանք»,- նշել է նախագահը՝ «Դիմում եմ վարչապետին, կառավարությանը և կոալիցիայի անդամներին: Անվտանգությունը, տնտեսությունը, հասարակությունը՝ ամեն ինչ վտանգված է. Իսրայելի ժողովրդի հայացքը ձեզ է ուղղված»,- հավելել է Իսահակ Հերցոգը:
Գիշերը Իսրայելի տարբեր քաղաքներում ցույցերն ավելի կատաղի ու զանգվածային են եղել: Բախումներ են գրանցվել ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև: Պատճառը երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշումն էր՝ պաշտոնանկ անել երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Պաշտոնանկությունից մեկ օր առաջ պաշտպանության նախարարը կառավարությանը կոչ էր արել դադարեցնել դատական համակարգի բարեփոխումների նախագիծը: Գալանտն այս հայտարարությունից անմիջապես հետո թվիթերյան իր էջում գրել է, որ «Իսրայել պետության անվտանգությունը միշտ եղել և կմնա իմ կյանքի առաքելությունը»:
Իսրայելի արդեն նախկին պաշտպանութան նախարարի՝ գործընթացը դադարեցնելու կոչը ողջունել էր իսրայելական ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յաիր Լապիդը՝ այն որակելով «համարձակ ու անհրաժեշտ քայլ Իսրայելի անվտանգության համար»։
Կիրակի կեսօրից մինչև այսօր առավոտ Իսրայելի վարչապետի աշխատակազմում դատաիրավական բարեփոխումների օրենսդրության հնարավոր դադարեցման շուրջ քննարկումներ են ընթացել: Հանդիպմանը մասնակցել են արդարադատության նախարարը, ռազմավարական հարցերի նախարարը, կրթության և ֆինանսների նախարարները: Առավոտյան արդեն 3 նախարարներ հայտարարել են, որ կաջակցեն Նեթանյահուհին, եթե որոշի հետ կանչել օրինագիծը: Բողոքի ալիք բարձրացրած օրինագիծը նախատեսում է գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության գործընթացի վերահսկողություն իշխանության գործադիր ճյուղի կողմից:
***
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երեկ ընդունել է հրեական պետությունում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը։ Իսրայելի նախագահը Twitter-ի իր էջում շնորհավորել է Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի առաջին դեսպանին հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: «Այս նշանակումը կարևոր իրադարձություն է, քանի որ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- հավելել է Հերցոգը։ Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն ստեղծելու որոշումը ընդունվել է նախորդ տարվա նոյեմբերին: Լրատվամիջոցները գրում են, որ մարտի 29-ին Թել Ավիվում նախատեսված է Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, ակնկալվում է, որ դրան կմասնակցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
***
Կիևը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ կապված Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինան վճռական քայլեր է ակնկալում Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Չինաստանից։
Վաշինգտոնը նույնպես արձագանքել է Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին Պուտինի հայտարարությանը։ Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը նշել է, որ գերատեսչությունը կշարունակի վերահսկել իրավիճակը։
ԱՄՆ պետդեպարտամենտը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, և անհրաժեշտ չի համարում սեփական միջուկային ուժերը բարձր պատրաստության բերել։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բելառուսին կոչ է արել չթույլատրել միջուկային զենքի տեղակայումն իր տարածքում՝ հայտարարելով, որ այդ դեպքում Բրյուսելը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Մինսկի դեմ: «Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կնշանակի անպատասխանատու էսկալացիա և սպառնալիք եվրոպական անվտանգությանը»,- գրել է Բորելը Twitter-ում:
***
Կրեմլի առաջնորդը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է Բելառուսում տեղակայել իր մարտավարական միջուկային զենքը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով։ Նա նշել է, որ Ռուսաստան այս քայլով չի խախտում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, քանի որ խոսքը ոչ թե Բելառուսին միջուկային զենք փոխանցելու, այլ նրա տարածքում այն տեղակայելու մասին: ՌԴ նախագահի խոսքով՝ Բելառուսում միջուկային զենքի հատուկ պահեստարանի շինարարությունը կավարտվի մինչև հուլիս։
***
Հյուսիսային Կորեան մարտի 27-ի առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռների թռիչքի բարձրությունը եղել է մինչև 50 կմ, հեռահարությունը՝ 350 կմ։ Դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ճապոնիայի ՊՆ-ն նաև իր բողոքն է արտահայտել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակման դեմ: Պենտագոնից հայտարարել են, որ հրթիռների արձակումը վկայում է Փհենյանի ռազմական ծրագրի ապակայունացնող ազդեցության մասին։ Արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ դեսանտի ափհանման համատեղ զորավարժություններից և ամերիկյան ավիակրի տեղափոխումից ժամեր առաջ: