Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Կորեայի ձոր լցվող շինարարական աղբի խնդրին ու նշեց, որ ահազանգեր է ստանում այս կապակցությամբ:
«Մենք նախկինում քննարկել ենք Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված աշխատանքները: Գրություն էինք ուղարկել ոստիկանություն, որին շատ արագ արձագանք էր եղել: Բայց ես հիմա նորից ահազանգեր եմ ստանում, որ պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել»,- ասաց Ավինյանը:
Ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց.
«Ձեր նամակից հետո ոստիկանությունը, պարեկային ծառայությունը շատ արագ արձագանքեցին: Այստեղ կայացել է խորհրդակցություն, աշխատանքների կազմակերպման սխեման քննարկվել է վարչական շրջանների ղեկավարների հետ: Առաջին ամսում այս աշխատանքներին տրվեց լայն թափ: Շինարարական թույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը:
Սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին զգաստություն, ինչպես եղավ հասարակական կարգի ծառայության ակտիվ գործունեության ընթացքում:
Վարչական շրջանների ղեկավարների հետ ունեինք պայմանավորվածություն, որ պարբերաբար պետք է իրականացնեն պարբերաբար հերթապահություն և ռեյդ: Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, բավականին թուլացրել են աշխատանքը վարչական շրջանների ղեկավարները, մարդիկ սկսել են առիթից օգտվել»:
Ավինյանի խոսքով՝ սա ամենամեծ խնդիրներից մեկն է, ու անհրաժեշտ է լրջորեն զբաղվել դրա լուծմամբ:
«Ստացվում է՝ մենք գիտենք խնդրի մասին ու չենք կարողանում դեմն առնել: Դա ամոթ է, ամոթ է մեզ բոլորիս: Այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում ամբողջությամբ լուծվի: Վստահ եմ, որ դրա ռեսուրսը մենք ունենք»,- ասաց Ավինյանը: