15-օրյա ուշացումից հետո Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովը կիրակի երեկոյան իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իցհակ Հերցոգին, գրում է The Jerusalem Post-ը:
Մամեդովը Գվատեմալայի, Էկվադորի, Շրի Լանկայի, Սուրինամի և Մալավիի դեսպանների հետ ի սկզբանե պետք է հավատարմագրերը հանձներ մարտի 9-ին: Սակայն Իսրայելում դատաիրավական բարեփոխումների դեմ սկսված ցույցերի պատճառով հանձնման արարողությունը հետաձգվել էր:
Թեև Իսրայելն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ են պահպանում արդեն 30 տարի, սակայն այդ ընթացքում Իսրայելը Բաքվում դեսպանատուն ունեցել է, բայց Ադրբեջանն Իսրայելում՝ ոչ:
2022 թվականի նոյեմբերին Ադրբեջանի խորհրդարանը որոշում կայացրեց Թել Ավիվում դեսպանություն բացելու մասին։ Այս տարվա հունվարին Մամեդովը նշանակվեց դեսպան:
The Jerusalem Post-ը նշում է, որ Մամեդովը ոչ միայն Ադրբեջանի, այլև շիա մեծամասնությամբ և շիա կառավարությամբ մահմեդական երկրի առաջին դեսպանն է Իսրայելում: