Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել երկրում դատական բարեփոխումների գործընթացը: Այդ մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Նախագահը դիմել է Կնեսետի բոլոր խմբակցությունների առաջնորդներին՝ թե՛ կոալիցիոն, թե՛ ընդդիմադիր` հորդորելով երկրի քաղաքացիների շահերն ամենից վեր դասել:
«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնականության՝ կոչ եմ անում դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- գրել է նա:
Մարտի 26-ին Իսրայելի հազարավոր բնակիչներ փողոց են դուրս եկել` իրենց դժգոհությունն արտահայտելով դատական բարեփոխումներից: Ցուցարարները հավաքվել են կառավարական շենքերի մոտ, խաթարել տրանսպորտի երթևեկությունը:
Երուսաղեմում քաղաքացիները կարողացել են ճեղքել ոստիկանական արգելապատնեշները և հասնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայր:
Նույն օրը հայտնի է դարձել երկրի պաշտպանության նախարարի պաշտոնանկության մասին. վերջինս պաշտոնանկ է արվել դատական բարեփոխումները քննադատելու պատճառով:
Համաձայն բարեփոխման` խորհրդարանի մեծամասնությանն է վերապահվում Գերագույն դատարանի դատավորներին ընտրելու իրավունքը: Իսկ դատարանը, իր հերթին, կորցնում է Կառավարության որոշումները բեկանելու իրավունքը: