Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է հետաձգել դատաիրավական բարեփոխումները մինչև ամառ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները: Նեթանյահուն որոշումը կայացրել է երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին:
Այսօր առավոտից Իսրայելի խոշորագույն քաղաքներում անտանգության հատուկ ռեժիմ է սահմանվել: Ոստիկանական ուժերը պատրաստվում են երկրում նոր ակցիաների:
Կառավարության առաջարկած դատաիրավական փոփոխությունների օրինագծի դեմ սկսված բողոքի ալիքը երկրի ամբողջ տարածքում շարունակվում է ավելի քան 12 շաբաթ: Երեկ ցույցերը ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով: Ցուցարարները հաշված րոպեների ընթացքում զբաղեցրել են Երուսաղեմի ու Թել Ավիվի կենտրոնական փողոցները, երբ երկրի վարչապետ Բենիամիան Նեթանյահուն հայտարարել է, որ ազատում է պաշտոնից Իսրայելի պաշտպանության նախարարին:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը օրեր առաջ կառավարությանը կոչ էր արել կասեցնել փոփոխությունների գործընթացը։ Նա ստեղծված իրավիճակն անվանել է սպառնալիք երկրի անվտանգության համար։ Գալանտը առաջարկել է դադարեցնել գործընթացը առնվազն մի քանի ամսով՝ ընդգծելով, որ դժգոհություններն աճում են նաև Իսրայելի բանակում և անվտանգության ծառայություններում։
Գալանտը միակը չէր, որ առաջարկել է Նեթանյահուին փոխել որոշումը: Դատաիրավական փոփոխությունները դադարեցնելու կոչ կառավարությանն առավոտյան հնչեցրել էր երկրի նախագահ Իցհակ Հերցոգը:Նրա խոսքով՝ Իսրայելի անվտանգությունը, տնտեսությունը և հասարակությունն այժմ սպառնալիքի տակ են:
«Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատվության կոչ եմ անում անհապաղ դադարեցնել օրենսդրական գործընթացը»,- ասված է Իսրայելի նախագահի թվիթերյան գրառման մեջ:
Ըստ ցուցարարների՝ Նեթանյահուի նախաձեռնած դատաիրավական փոփոխությունները հակաժողովրդավարական են, քանի որ դրանք միտված են սահմանափակելու երկրի Գերագույն դատարանի անկախ գործելու հնարավորությունը և գործադիրին ավելի մեծ ազդեցություն տալու դատավորների նշանակման գործընթացում, ինչը իր հերթին ճանապարհ է հարթում ավտորիտար ռեժիմի հաստատման համար: Նեթնայահուի կառավարությունն էլ նման փոփոխությունները պայմանավորում է երկրի իշխանության երեք թևերի հավասարակշռման խնդրով: Բացի այդ, նախագծով Գերագույն դատարանը զրկվում է նաև Կնեսետում հաստատված կարևոր օրինագծերի չեղարկման հնարավորությունից:
Ցույցերի ու ակցիաների ֆոնին՝ ժամեր առաջ Իսրայելում համաընդհանուր գործադուլ հայտարարվեց: Երկրի գլխավոր՝ «Բեն Գուրիոնի» միջազգային օդանավակայանից բոլոր չվերթերը դադարեցվել են: Գործադուլ սկսելու կոչ է արել «Հիստադրութ» արհմիության ղեկավարը, որին առաջինը արձագանքել են օդանավակայանի աշխատակիցները։
Արնոն Բար (Դեյվիդ Իսրայելի աշխատանքի գլխավոր ֆեդերացիայի նախագահ) - Մենք մարտական ենք տրամադրված, երկրի տարածքում սկսվում է համընդհանուր գործադուլ: Մենք բոլորս միասին կարող ենք դադարեցնել այս արկածախնդրությունը:
Լեա Դեյվիդ (Իսրայելի բժշկական ասոցացիայի գլխավոր տնօրեն) - Այսպիսով, մենք այսօրվանից միանում ենք արհմիություններին: Ափսոսանքով պիտի հայտնեմ, որ հիվանդանոցներում և ամբուլատորիաներում համընդհանուր գործադուլ է լինելու, բոլոր ծառայությունները դադարեցվելու են:
Reuters գործակալությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունները ևս հրահանգ են ստացել միանալ համազգային գործադուլին։
Գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ Իսրայելի դեսպանատները միայն անհետաձգելի ծառայություններ կմատուցեն:
Սոցիալական ցանցերի իրենց էջերում աշխատանքի դադարեցումն արդեն հաստատել են Իսրայելի դեսպանատներն ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը գործադուլի վերաբերյալ ՏԱՍՍ-ի թղթակցի հարցմանը դեռ չի պատասխանել: