Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության օրակարգում էր նաև մայրաքաղաքի թվային վերափոխման հարցը, ինչը, ըստ բանախոսների, քաղաքի զարգացման կարևոր և անխուսափելի բաղադրիչներից է, և համայնքը կշարունակի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը: Խորհրդակցությունը վարող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կներդրվի նախագծերի կառավարման ճկուն համակարգ, կվերագործարկվի «Ակտիվ քաղաքացի» հարթակը:
«Դեռևս նախորդ տարվանից սկսած Mulberry համակարգի ներդրմամբ մեր ծրագրերի կառավարման ընթացքն էականորեն բարելավվել է, այսօր մենք անցնում ենք հաջորդ փուլին, որը թույլ է տալու մայրաքաղաքում կյանքի կոչվող նախագծերի վերաբերյալ ունենալ հստակ ցանկ, պատասխանատուներ, որոնք տեղեկացված կլինեն ժամկետներից, այդ ժամկետների ուշացման պատճառներից, մենք ինքներս էլ կկարողանանք այդ գործընթացներին հետևել: «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով էլ, բացի բնակիչների ծրագրային առաջարկներն ունենալուց, հետաքրքրություն ներկայացնող մեր նոր նախագծերը պարտադիր կդրվեն հանրային քննարկման»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
***
Խորհրդակցությանը պատասխանատուներն ըստ ոլորտների ներկայացրել են ընթացիկ ծրագրերը, նախանշել առաջիկա անելիքները: 2023 թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսվում է փոխարինել շուրջ 700 վերելակ: Ծրագրի մրցույթներն արդեն կայացել են:
Միջազգային գործընկերների աջակցությամբ ու համայնքային ծրագրերով այս տարի հիմնանորոգումից հետո շահագործման կհանձնվի 22 մանկապարտեզ: Շինբարեկարգման ծրագրերով ընթացքի մեջ են նաև այգիների բարեկարգման, պոլիկլինիկաների, կամրջային կառուցվածքների նորոգման աշխատանքները: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է համայնքային բոլոր ծրագրերի նախագծերում, ինչպես նաև կառուցապատողներին տրվող շինթույլտվությունների ժամանակ պարտադիր պահանջ սահմանել հենաշարժական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովումը: Այսուհետ ավարտական ակտերը տրամադրելուց առաջ հաշվի կառնվի նաև դենդրոնախագծերի լիարժեք իրագործումը:
***
Ընթացիկ տարում երևանյան 21 հասցեներում կիրականացվեն հեղեղատար և կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ: Այս պահին ընթացքի մեջ է Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման գործընթացը: Անդրադառնալով քաղաքի մաքրությանն ու, մասնավորապես, տարբեր հատվածներում թափվող շինաղբի խնդրին՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ ամենօրյա հսկողություն իրականացնել՝ նման երևույթները բացառելու համար:
«Մենք չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և կառուցապատողների նման վարքն ու վերաբերմունքը քաղաքի հանդեպ: Միայն հորդորներով չենք լուծի խնդիրը, մենք որոշակի մեխանիզմներ քննարկել ենք, որպեսզի զերծ մնանք նմանատիպ դեպքերից: Դրանք պետք է անհապաղ կասեցվեն և պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը: