Այս տարի խմելու ջրի սակագինը չի բարձրանա, կմնա նույնը՝ ինչ 2022-ին՝ շուրջ 200 դրամ մեկ խորանարդ մետրի համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2022 թ. հաստատած նոր սակագնով բնակիչները պետք է 208,42 դրամ մուծեին: Բայց Կառավարությունը որոշել է սուբսիդավորել 8 դրամը: Սակագինն անփոփոխ կմնա նաև սոցիալապես անապահով բաժանորդների համար՝ 180 դրամ:
Աշոտ Ուլիխանյան (ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ) - Սուբսիդիայի մեծությունը 2023 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված է. հաշվարկները կան, իրականացված են: Ելնելով էն կանխատեսվող ջրամատակարարման ծավալներից, որ ակնկալվում է 23 թվականին ունենալ, իհարկե սուբսիդավորումն իրականացվելու է՝ ելնելով փաստացի մատակարարված ջրի ծավալներից, էստեղ որոշակի ճշգրտումներ կարող են լինել, բայց խոսքը գնում է շուրջ 1-1.1 մլրդ դրամի մասին:
2017 թվականից Հայաստանում ջրամատակարարում իրականացնող «Վեոլիա ջուրը» գործունեությունը ծավալում է վարձակալության հիմունքով: Մրցույթի արդյունքում ձևավորվել է 15 տարվա համար բազիսային սակագին, բայց նաև ամրագրվել են դրա ճշգրտման գործոնները:
Աշոտ Ուլիխանյան - Ճշգրտման գործոնները 4-ն են՝ մանրածախ ջրի ծավալի փոփոխություն, սղաճ, էլեկտրաէներգիայի գնի փոփոխություն և այլ եկամուտներով պայմանավորված ճշգրտում: Հիմա հերթական տարին վարձակալության 2023 թվականն էր, որ պետք է սկսվեր, և սրա համար ունեինք ամրագրված բազիսային սակագներ: Հիմա հերթական տարվա համար ճշգրտված գործոններով ստացվեց 208.42 դրամ: Այստեղ ամենամեծ ազդող գործոնը վերջին տարում արձանագրված բարձր սղաճն էր ՀՀ-ում, եթե նման սղաճ չունենայինք, ակնկալվում էր, որ կունենայինք նախորդ տարվա սակագնին մոտ սակագին:
Աշոտ Ուլիխանյանի խոսքով՝ ի սկզբանե հաստատված բազիսային սցենարով արդեն այս տարի պետք է սակագնի կտրուկ աճ լիներ, բայց այդ աճը մեղմելու և հաջորդ 10 տարիների համար կայուն սակագին ունենալու համար փոփոխություն է կատարվել բազիսային սակագների սցենարում: Հաշվի են առել նախորդող 10 տարիների գնաճի ցուցանիշը, որը կազմել է միջինը տարեկան 3 տոկոս: Այս հաշվարկներով արդեն բազիսային սցենարով առաջիկա 10 տարիներին կտրուկ աճ չի լինի, բացառությամբ ճշգրտման 4 գործոնների հնարավոր ազդեցությունը: