Վարչապետ Բենիամին Նեթանյահուի դատաիրավական բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցների շարքերն ավելացել են տասնյակ հազարավոր քաղաքացիներով, որոնք դեմ են երկրի պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը, գրում է BBC-ն:
Կիրակի գիշերը պաշտպանության նախարարի հրաժարականից վրդովված իսրայելցիները բողոքի ցույցի էին հավաքվել վարչապետի նստավայրի մոտ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն ու նրանց օգնության հասած բանակը ջրցան մեքենաներ են կիրառել։
Երկուշաբթի առավոտյան ցուցարարներին է միացել նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը: Նա կոչ է արել կառավարությանը հետ կանչել հասարակությունը պառակտած բարեփոխումը:
Իսրայելցիների մեծ մասի կարծիքով՝ կառավարությունը, որում գերակշռում են ծայրահեղ աջ և կրոնական կուսակցությունները, ձգտում է սահմանափակել Գերագույն դատարանի իշխանությունն ու ավելի մեծ ազդեցություն ձեռք բերել դատավորների նշանակման ընթացակարգի վրա: Իսկ դա, ըստ ընդդիմության, սպառնում է իսրայելական ժողովրդավարությունը վերածել ավտորիտար ռեժիմի:
Այժմ Գերագույն դատարանը հնարավորություն ունի արգելափակելու խորհրդարանի որոշումները, եթե դրանք ոչ իրավաչափ համարի։
ԱՄՆ վարչակազմը նույնպես խոր մտահոգություն է հայտնել Իսրայելում իրադարձությունների զարգացման կապակցությամբ՝ կողմերին փոխզիջման կոչ անելով:
Իսրայելում այսօր նաև համընդհանուր գործադուլ Է հայտարարվել՝ դատական բարեփոխումներից հրաժարվելու պահանջով:
Երկրի երկու հիմնական նավահանգիստները՝ Հայֆան և Աշդոդը, երկուշաբթի դադարեցրել են աշխատանքը, հաղորդում է Sky News-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համընդհանուր գործադուլի շրջանակներում դադարեցվել են թռիչքները «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանից, չեն աշխատում մանկապարտեզները, դպրոցները, առևտրի կենտրոնները: