Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնանկ է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին այն բանից հետո, երբ նախարարը հրապարակավ կոչ է արել կառավարությանը դադարեցնել դատական արմատական բարեփոխումները, գրում է BBC-ն:
Շաբաթ օրը ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Գալանտն ասել է, որ առաջարկվող դատաիրավական բարեփոխումները հսկայական պառակտում, ինչպես նաև զայրույթի, ցավի և հիասթափության աննախադեպ զգացում են առաջացրել հասարակության մեջ, որը տարածվել է բանակում:
Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության մի մասն աջակցել է Գալանտին, մյուսները պահանջել են նրա հրաժարականը։
Իսրայելում արդեն երրորդ ամիսն է, ինչ ժողովրդական բողոքի ակցիաները չեն հանդարտվում Գերագույն դատարանի լիազորությունները սահմանափակելու կառավարության ծրագրերի պատճառով։ Ներկայումս այդ մարմինը հնարավորություն ունի արգելափակելու խորհրդարանի որոշումները, եթե դրանք համարում է անօրինական։
Կիրակի երեկոյան բողոքի ցույցերը շարունակվել են ամբողջ երկրում։ Թել Ավիվում ցուցարարները փակել են գլխավոր մայրուղին։
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ այժմ Նեթանյահուն պետք է 48 ժամվա ընթացքում հայտարարի երկրի պաշտպանության նախարարության նոր ղեկավարի անունը։
Ըստ Haaretz-ի տվյալների, Իսրայելի վարչապետն իր կոալիցիայի անդամների հետ քննարկում է դատաիրավական բարեփոխումների մասին օրենքը սառեցնելու հնարավորությունը՝ բողոքի համազգային ալիքի ֆոնին, որն ավելի սրվեց պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո։