«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 44-րդ հերթական նստաշրջանի աշխատանքներին։
Ի թիվս բարձրացված այլ հարցերի՝ Դավիթ Խաժակյանը պատասխանել է Ադրբեջանի պատվիրակ Հումբաթ Հուսեյնովի կեղծ քարոզչական թեզերին, որը ներկայացնում է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը։
Հուսեյնովը, համապատասխան Ադրբեջանի պետական քարոզչական նոր թեզերին, խոսում էր անցյալում իբրև թե Հայաստանից տեղահանված անձանց իրավունքների մասին։
Դավիթ Խաժակյանը, պատասխանելով Հուսեյնովին, նախ մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնության 7-րդ դրույթը, որով Ադրբեջանը պարտավորվում էր երաշխավորել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ։
Խաժակյանը նշել է, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել այս պարտավորությունը, և հրաժարվում է վերադարձնել փախստականներին Շուշի, Հադրութ և այլ շրջաններ։
Խաժակյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման մասին և հորդորել ադրբեջանցի պատվիրակներին՝ խոսել իրենց նախագահի հետ և հորդորել իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նոյեմբերի 9-ից ստանձնել է ադրբեջանական կողմը, ինչպես նաև ապաշրջափակել Լաչինի միջանցքը։