ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է պահպանել ամերիկյան զորքերի ներկայությունը Սիրիայում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
«Մեր առաքելությունը ԻՊ-ի դեմ չի փոխվի: Սիրիայում մեր մոտ 1000 զինծառայողը պայքարում է այս խմբավորման դեմ, որը թեև կրճատվել է, բայց դեռ կենսունակ է: Մենք միշտ պաշտպանելու ենք մեր զինվորականներին ու մեր օբյեկտները», - ասել է Քիրբին CBS-ի եթերում:
Նրա խոսքը հնչել է այն ժամանակ, երբ անցյալ շաբաթ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Մեկ մարդ զոհվել է, հինգ ամերիկացի զինվոր, ևս մեկ պայմանագրային զինծառայող վիրավորվել։ ԱՄՆ իշխանությունները դրա համար մեղադրել են իրանամետ սիրիական կազմավորումներին և ասել, որ հակահարվածով պատասխանել են հարձակմանը։
ԱՄՆ զինվորականները Սիրիայում հսկողության տակ են պահում այդ երկրի նավթի և գազի որոշ հանքավայրեր: Դամասկոսը պահանջում է ամերիկյան զորակազմը դուրս բերել իր տարածքից։