Սիսիանի 34/05 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1735 քաղաքացի. ժամը 15.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 496-ը։
Սիսիան համայնքում այսօր առավոտից դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչներից Դանիել Իոաննիսյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ «Անկախ դիտորդը» մոտ 20 դիտորդներով դիտորդություն է իրականացնում Սիսիան և Անի միավորված համայնքներում։
«Առավոտից շրջում ենք Սիսիանում, մի շարք խնդիրներ հայտնաբերել ենք՝ քվեարկության պրոցեսի հետ կապված: Որոշ տեղերում նկատել ենք կուտակումներ, որոշ տեղերում՝ ընտրողների ուղղորդման փորձեր, որոշ տեղամասերում նկատել ենք տեղամասում կամ դրա մոտակայքում գտնվելու իրավունք չունեցող անձանց շարունակական այնտեղ գտնվել։ Բայց այս խնդիրները, պետք է ասեմ՝ ի պատիվ ընտրական հանձնաժողովների և ոստիկանության, մեր դիտարկումներից հետո անմիջապես լուծվել են»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։
Նա ընդգծեց, որ այս ընտրություններն առանձնանում են որոշակի նորամուծություններով։
«2021 թվականին ընդունված ԸՕ-ի փոփոխություններով ուժի մեջ մտած հիմնականում 2 փոփոխություն կա. մեկն այն է, որ բոլոր ընտրական տեղամասերում արդեն կան տեսախցիկներ, և ցանկացած քաղաքացի կարող է ԿԸՀ-ի կայքում տեսախցիկով հետևել ընտրությանը։ Շատ կարևոր է, որ սա ոչ միայն ԱԺ, այլև բոլոր ընտրությունների ժամանակ է տեղի ունենում։
Երկրորդն այն է, որ ընտրողները քվեարկում են արդեն բազմաթիվ քվեաթերթիկներով, այսինքն՝ այնպես, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ է։ Սա շատ կարևոր է, որովհետև կանխվում են այնպիսի խախտումներ, ինչպիսիք են քվեաթերթիկների կարուսելը»,- նշեց Իոաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։