Կապույտ վառելիքը, ամեն դեպքում, նորակառույցներ կհասնի: Ճիշտ է, այս պահին՝ միայն Արաբկիր վարչական շրջան: Հասկանալու համար, թե ինչու նորակառույցները գազամատակարարման խնդիր ունեին, վերադառնանք տարեսկիզբ. հունվարին աղմուկ բարձրացավ՝ նորակառույց շենքերին գազ չի մատակարարվի: Պատճառը Երևանը սնուցող կայանների ու խողովակաշարի ծանրաբեռնվածությունն է՝ ասում էին «Գազպրոմ Արմենիայից»: Կառույցը նշում էր, որ նոր բաշխիչ կայաններ չի կարող կառուցել, քանի որ ստիպված կլինի չնախատեսված ներդրման համար սակագին վերանայել: Խնդրի կարգավորմանը միացավ պետությունը. հունվարին Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման դրեց նախագիծ: Ըստ փաստաթղթի՝ գազաբաշխիչ նոր կայանները կկառուցի պետությունը, կծախսի 20 մլրդ դրամ: Այստեղ էլ խնդիր էր ժամկետը՝ 2 տարի կպահանջվի նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար: Կառուցման առաջին փուլը կավարտվի 2026 թվականի կեսին, ամբողջ ծրագիրը՝ 2032-ին: Եվ որքան էլ «Գազպրոմը» չէր ուզում սակագին փոխել, ըստ նախագծի՝ Կառավարության այս ներդրումը պետք է 5 տարում վերադարձվեր սակագնի բարձրացման հաշվին:
Սա խնդրի նախապատմությունն էր, բայց հիմա առաջարկված մոդելն ընդունելի չէ կառուցապատողների և բնակիչների համար գլխավորապես ժամկետների պատճառով: 2021-ին, կանխատեսելով գազիֆիկացման հնարավոր խնդիրները, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամ երկու կառուցապատողներ՝ «Արտ քոմփանին» և «Արկադա քոնսթրաքշնը», մի ծրագիր սկսեցին, որը դարձավ նախադեպային: Որոշեցին հարցը սեփական ռիսկով ու միջոցներով լուծել: Մի քանի միլիոն դոլար ներդրում արեցին, մեկ այլ՝ բաց բաժնետիրական ընկերություն հիմնեցին՝ Կոտայքի մարզից գազը խողովակով Արաբկիր վարչական շրջան հասցնելու համար:
Վահե Պետրոսյան («Արտ քոմփանի» ընկերության հիմնադիր) - Եթե դու երկու հոգու համար ես գիծը գցում, թե 20 հոգու համար, իրա ծախսային բեռը շատ չի մեծանում, որովհետև էնտեղ հողը փորելու, ասֆալտը հետագայում ծածկելու ծախսերը նույնն են, և մենք, այսպես ասած, զապասով ենք էդ գիծը գցել, որ եթե հետագայում ով կցանականա էդ գծից կպնի, պետք ա դառնա բաժնետեր, որպեսզի գազից օգտվելու հնարավորություն ունենա: Կգա բաժնեմաս կառնի, այդպիսով մեր ծախսային բեռը, ներդրումը մենք կարողանանք որոշակի չափով վերադարձնենք:
Այստեղ, սակայն, այլ հարց է առաջանում՝ հիմնականում բնակիչների մոտ. արդյոք կառուցապատողները հավելյալ ծախսած գումարը հետ ստանալու համար բարձրացնելո՞ւ են բնակարանների արժեքը:
Շուշանիկ Գրիգորյան («Արկադա քոնսթրաքշն» ընկերության բիզնեսի գծով պատասխանատու) - Որևէ ազդեցություն չի ունենա, մեր բնակարանների սակագների վրա փոփոխություն տեղի չի ունենա, դա արձանագրված է պայմանագրով և այդ ամենը, մենք հավելյալ ծախսեր ենք կատարել:
Քանի որ այս աշխատանքները մասնավոր ներդրում են, այն չի կարող նաև արտացոլվել գազի սակագնի մեջ: Փաստացի բնակիչը կունենա գազ՝ առանց սակագնի փոփոխության, գազատարի անցկացման ծախսն էլ չի ներառվի բնակարանի արժեքի մեջ: Հիմա արդեն 15 ընկերություն միացել է Արաբկիրի այս նոր գծին, ինչի հաշվին էլ ընկերությունների ծախսած գումարը նվազել է:
Վահե Պետրոսյան - Դարձավ ծախսային բեռ էնպիսին, որը բնականոն ծախսային բեռ ա քաղաքաշինական ծրագրերի մեջ, մոտավորապես էնպիսին, ինչպիսին բազմաբնակարան շենքերի մուտքի դռների տեղադրման ծախսը, որը բերեց նրան, որ մենք ստիպված չեղանք բնակիչների համար անշարժ գույքի գինը թանկացնենք:
Սա Արաբկիր վարչական շրջանի պիլոտային օրինակն էր, որը Կառուցապատողների հայկական ասոցիացիային նախաձեռնությունը շարունակելու միտք տվեց:
Գուրգեն Գրիգորյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Ասոցիացիայի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի փոխհամագործակցությամբ, ասոցիացիայի անդամ մյուս կառուցապատողների ակտիվ ներգրավմամբ Երևան քաղաքի մյուս վարչական շրջաններում ևս նախանշանները կան արդեն, որ մեկնարկեն և իրականացվեն մյուս ուղղություններով ևս գազատար ցանցի արդիականացման աշխատանքները:
Գուրգեն Գրիգորյանը այս պահին դժվարանում է հերթականության ու ժամկետների մասին խոսել, բայց արդեն իսկ մեկնարկել են երկրորդ ուղղությամբ աշխատանքները:
Գուրգեն Գրիգորյան - Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան, Նոյ թաղամաս, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ վարչական շրջանների այս պահին առկա գազասպառման պահանջարկները բավարարող ուղղության մասին է խոսքը: Նշեմ նաև, որ Արաբկիր վարչական շրջանում իրականացված այս ծրագիրն ունի պոտենցիալ մեծ հնարավորություն գազասպառման նոր ծավալներով ապահովելու Ավան վարչական շրջանը և Կենտրոն վարչական շրջանը: Այս ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են:
Շաբաթվա վերջին քաղաքապետարանում հանդիպում եղավ, որին մասնակցում էին քաղաքային իշխանության, ասոցիացիայի, «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչները:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Էս նույն փորձը իրականացնում ենք, իրականացնելու ենք մյուս 3 գազաբաշխիչ կայաններից, որոնք սնուցում են Երևան քաղաքը: Բավականին ստացված մոդել ա, կառուցապատողները միավորվում են, և «Գազպրոմ Արմենիան» հետագայում կառուցվող գազամատակարարման ցանցը վերցնում ա սպասարկման, քաղաքապետարանն էլ թույլտվություններով ու մյուս խնդիրներով աջակցում ա:
Քանի որ միայն կապույտ վառելիքը չէ, որ չի բավականացնում, նորակառույցների պարագայում խնդիր կարող է դառնալ նաև ջրի մատակարարումը, Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ նմանատիպ քննարկում կունենան ջրամատակարարման վերաբերյալ, փորձը կտեղայնացնեն նաև այս ոլորտում: Գազամատակարարման բացակայության պայմաններում կառուցապատողները չեն ստանա շահագործման թույլտվություն, աշխատանքը կհամարվի անավարտ, իսկ անշարժ գույքը վաճառել կամ այլ գործարք իրականացնել չի ստացվի: Բացի այդ, գազով ապահովելու պարտավորությունը կառուցապատողը բնակչի հետ պայմանագրով է ստանձնում:
Գուրգեն Գրիգորյան - Ինչպես բանկի հետ, որի գրավի առարկա է հանդիսանում քաղաքաշինական ծրագիրը, Երևան համայնքի հետ, քանի որ շինարարության թույլտվության ժամկետի խախտում է թույլ տալիս, քանի որ շահագործման ակտը ևս ժամկետում շինթույլտվություն չի կարողանում ստանալ, ունենում է էական մեծ խնդիրներ գնորդների հետ, քանի որ պայմանագրային պարտավորության խախտում է թույլ տալիս:
Էկոնոմիկայի նախարարության շրջանառած նախագծի հանրային քննարկումը ավարտվել է, բայց գերատեսչությունից տեղեկացանք, որ նախագիծը հիմա ՏԿԵՆ-ի տիրույթում է: ՏԿԵՆ-ից նշեցին՝ դեռ ուսումնասիրության փուլում է, և այս պահին զերծ կմնան մեկնաբանություն տալուց: Ըստ էության, եթե կառուցապատողների նախաձեռնությունը շարունակական լինի, պետության կողմից նոր գազաբաշխիչ կայանի կառուցման անհրաժեշտություն չի առաջանա: