Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի փետրվարի տվյալով՝ 10 մլրդ 751 մլն դոլար է: Կառավարության պարտքը՝ 10 մլրդ 203 մլն դոլար է, իսկ Կենտրոնական բանկինը՝ 548 մլն: Դրամով արտահայտված պարտքը 4 տրլն 183 մլրդ է: Դոլարով արտահայտված պարտքը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 15.3 տոկոսով, իսկ դրամով արտահայտված պարտքը նվազել է 7 տոկոսով, ինչը պայմանավորված է նախորդ տարի տեղի ունեցած փոխարժեքի կտրուկ տատանումներով: Պարտք/ՀՆԱ ցուցանիշը Կառավարությունը 2021-ին ծրագրել էր 2022-ի համար հասցնել 60 տոկոսից ցածր մակարդակի: Արդյունքում այն մոտ 47 տոկոսի է հասել:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Քովիդից հետո, պատերազմից հետո այս ցուցանիշը 63.5 տոկոսի էր հասել, և մենք խնդիր էինք դրել ժամանակի ընթացքում՝ մինչև 2026 թվականը, 50 տոկոսից իջեցնել այս ցուցանիշը: Բայց էնպես ստացվեց, և էնպես կարողացանք անել՝ և՛ արտաքին գործոնները դրան նպաստեցին, և՛ ներքին գործոնները, և՛ պետական կառավարման որակը և աշխատանքը:
Պարտքի կառավարելիության առումով որոշակի ռիսկեր են ավելացել, նշում են մասնագետները: Եթե դրամը չարժևորվեր, ապա լուրջ խնդիրներ կարող էին ի հայտ գալ:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Էսօր մեր պարտքի սպասարկման միջին տոկոսը 6.5 տոկոս է, երբ որ 1 տարի առաջ 4.7 տոկոս էր: Դա նշանակում է, որ պարտքի սպասարկումը մոտ 2 տոկոսով թանկացել է մեզ համար: Եթե ձեր նշած թվերի նկատմամբ կիրառենք այդ 2 տոկոսը, կստացվի, որ պարտքի սպասարկումը նախորդ տարվա համեմատությամբ մեզ համար թանկացել է մոտ 180-200 մլն դոլարով, սա լրացուցիչ բեռ է: Հիմա, եթե դրամը չարժևորվեր, այս բեռը շատ ավելի շոշափելի, նկատելի կլիներ:
Ֆինանսների նախարարությունից չեն հերքում՝ պարտքի տոկոսադրույքը բարձրացել է, ժամկետայնությունն էլ կրճատվել է: Ըստ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետի՝ միջազգային ընկալումներում Հայաստանի միջին եկամտի ցուցանիշը բարձրացել է:
Սամվել Խանվելյան (ՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ) - Որի հետևանքով արտոնյալ պայմաններով արտաքին աղբյուրներից տրամադրվող վարկային միջոցների հասանելիությունը սահմանափակվում է, և ավելի շատ գնում ենք դեպի շուկայական պայմաններով պարտքի ներգրավման: Մյուս տեսանկյունից այդ արտաքին վարկերն ունեն արտարժութային ռիսկի բաղադրիչը, որն անպայման պետք է հաշվի առնենք:
Էականորեն փոխվել է նաև պարտքի կառուցվածքը: Եթե 2022-ի փետրվարին արտաքին պարտքի կշիռը Կառավարության ընդհանուր պարտքի մեջ 69.8 տոկոս էր, ապա հիմա այն նվազել է՝ հասնելով 57 տոկոսի, փոխարենը ներքին պարտքի կշիռը 2022-ի փետրվարի 30.2-ից այս տարվա նույն ամսին հասել է 43 տոկոսի: Ներքին պարտքի կշիռն ավելացնում ենք արտարժութային ռիսկերից խուսափելու համար՝ նշում է Գևորգ Պապոյանը:
Գևորգ Պապոյան - Էս պահի դրությամբ տենդենցը նրան է, որ ավելի շատ ներքին պարտքի վրա գնանք, և դրա վրա նաև օբյեկտիվ պայման է ազդել, դա այն է, որ աշխարհում այլևս էժան վարկ չկա: Եթե նախկինում մտածում էինք՝ գնանք դրսից էժան վարկ վերցնենք, թե ներսից մեր քաղաքացուց թանկ վարկ վերցնենք, հիմա շատ մտածելու տեղ էլ չկա, որովհետև դրսի վարկն էլ արդեն էժան չի:
Ներքին պարտքը պաշտպանում է արտարժութային ռիսկերից, բայց կրկնակի անգամ ավելի թանկ է դրա սպասարկումը, վստահեցնում է Արմեն Քթոյանը, ըստ նրա՝ այստեղ երկակի իրավիճակ է:
Արմեն Քթոյան - Մի տեղ շահում ես, մի տեղ ռիսկերն ավելի կառավարելի են դառնում, մեկ այլ տեղ լրացուցիչ ծախսեր են ի հայտ գալիս: Այդ ամենի արդյունքում 22-ին մենք պարտքի գծով տոկոսավճարների բեռը բյուջեում 200 մլրդ դրամի կարգի էր, ապա այսօր այդ բեռը 23-ի մասով շատ ավելի մեծ է՝ 270 մլրդ դրամն է գերազանցում:
ԱՄՆ՝ 31 տրլն դոլար, Չինաստան՝ 14, Ճապոնիա՝ 13, այս երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի մեջ մեծ տեսակարար կշիռ ունի, Ճապոնիայի դեպքում անգամ եռակի մեծ է ՀՆԱ-ից:
Գևորգ Պապոյանը նշում է՝ ինչպես քաղաքացու, այնպես էլ պետության դեպքում վարկը լավ է, եթե այն նպատակային է օգտագործվում, և, ըստ նրա, Հայաստանը վերջին տարիներին ճիշտ է կառավարում պետական պարտքը:
Գևորգ Պապոյան - Կարող են առաջանալ նոր վարկերի կարիքներ՝ կվերցնենք, բայց բոլոր նոր վարկերը նախկին տրամաբանությամբ այլևս չեն ծախսվելու, չի լինելու այնպես, որ վարկ վերցնեն, մի քանի հոգով գռփեն, դա արդեն, 2018-ից հետո այդ պրակտիկան չկա Հայաստանում:
Պապոյանը օրինակ է բերում 2013-ին և դրան հաջորդող տարիների, նաև վերջին տարիների պարտքի բեռի ազդեցությունը ՀՆԱ-ի վրա:
Գևորգ Պապոյան - Վարկեր վերցվել են, օրինակ, 2013-ից, ենթադրենք՝ 17 թվականներին էլ, նայեք 2013, 14, 15, 16 Հայաստանի ՀՆԱ-ն 4.5 տրիլիոնից ընդամենը 5 տրիլիոնից է մի փոքր բարձրացել: Այսինքն՝ 1, 2, 3 տարում մեր ՀՆԱ-ն ավելացել է ընդամենը 500 մլրդ դրամով, հիմա տեսեք՝ մեր ՀՆԱ-ն որքան է ավելացել, օրինակ՝ 2020 թվականից հետո՝ 6.2 տրիլիոնից դարձել է 8.5 տրլն, կամ, 1 տարում եմ ասում՝ 6 տրլն 982 միլիարդից 1 տարում աճել է 1.5 տրիլիոնով ու դարձել 8.5 տրլն, այսինքն՝ 2022 թվականի մեր ՀՆԱ-ի բացարձակ աճը դրամային արտահայտությամբ 3 անգամ ավելի շատ է եղել, քան 13, 14, 15, 16 թվականներին:
Վերցված վարկերը, ըստ պատգամավորի, նախկինում չեն ծառայել իրենց նպատակներին և չեն նպաստել տնտեսության զարգացմանը:
Գևորգ Պապոյան - Պարտքը վերցնելուց հետո հայտնվել են նոր դղյակներ Լոս Անջելեսում, Ֆրանսիայում և այլ զարգացած երկրներում, Մոնումենտում: Ա՛յ էս ՀՆԱ-ն, որ ավելացել ա, էդ 500 միլիարդը էդ մարդկանց ՀՆԱ-ն ա, իրենք են իրենց ՀՆԱ-ն ավելացրել... Իսկ հիմա սաղ ժողովրդի ՀՆԱ-ն է ավելացրած 1 տարում, և սա է տարբերությունը գողապետության, ավազակապետության և ժողովրդավարության միջև:
Մասնագետների կարծիքով՝ մեկ այլ խնդիր է, որ պարտքի սպասարկմանը հատկացվող միջոցները բյուջեի կառուցվածքում 10 տոկոսի են հասնում: Արմեն Քթոյանն անդրադառնում է նաև պարտքի ավելացման վերաբերյալ հաճախ հնչող մեկնաբանություններին:
Արմեն Քթոյան - Մենք անընդհատ պահանջում ենք, և, արդարացիորեն, հասարակությունը պահանջում է ամենատարբեր ուղղություններով բյուջետային ծախսերի ավելացում, բայց մյուս կողմից մատնացույց են արվում, որ, տեսեք՝ պարտքը ավելացավ, բնականաբար, այլ կերպ լինել չէր կարող: Մենք պետք է այստեղ ոչ այնքան վախենանք պարտքի ավելացումից, որքան ամեն ինչ անենք, որ տնտեսության բոլոր ռեսուրսները ուղղվեն, արդյունավետ կերպով օգտագործվեն ՀՆԱ-ի աճի առաջանցիկ տեմպերի պահպանմանը:
Ֆինանսների նախարարության պաշտոնյայի խոսքով՝ տրամաբանական է, երբ տարիների ընթացքում մեծանում է նաև պարտքի սպասարկման ծավալը:
Սամվել Խանվելյան - Եթե աճում է ծավալը, բնականաբար, պետք է աճի նաև դրա սպասարկման մեծությունը: Այստեղ կարևոր է հասկանալ և գնահատել այդ աճի տեմպը, որպեսզի այն պետական բյուջեի հավաքագրվող եկամուտների կամ իրականացվող ծախսերի մեջ ունենա խելամիտ մակարդակ:
2023-ի բյուջեի նախագծով ևս նախանշվել է պարտք/ՀՆԱ ցուցանիշը 50 տոկոսի մակարդակում պահել: Ֆինանսների նախարարության կանխատեսմամբ՝ առաջիկա 3 տարիների համար պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կլինի մոտավորապես այդ շրջանում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան