Անիում ընտրությունն իր բնականոն ընթացքով ընթանում է, և ժամը 14։00-ի դրությամբ ունենք 35.69 տոկոս մասնակցություն։ Այդ մասին «Լուրերի» թղթակցին ասաց թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Նաջարյանը։
«Նշեմ, որ բավականին ակտիվ ընթացք ունենք այստեղ. ընտրությունները հատկապես ակտիվ են 33/7 Լանջիկ բնակավայրում տեղակայված ընտրատեղամասում»,- նշեց նա։
Արթուր Նաջարյանի խոսքով՝ այս պահին որևէ էական, ընտրությունների վրա ազդող արձանագրումներ չեն ունեցել։
«Փոքրիկ խնդիրներ եղել են, որոնք հանձնաժողովներն արագ կարողացել են կարգավորել։ Վաղ առավոտից մի շարք ընտրատեղամասեր այցեր ենք իրականացրել. հիմնականում 7 տեղամասներում ենք եղել։ Որտեղ եղել ենք, բնականոն ընթացք է ունեցել, ունեցել ենք ընտրատեղամասեր, որտեղ բավականին ակտիվ է եղել, նաև տեղամասեր կային, որտեղ քաղաքացիների պասիվություն է նկատվել։
Նաև նկատել ենք դիտորդներ, որոնք այնտեղ արձանագրում են ունեցել, զրուցել ենք իրենց հետ, հիմնականում թեթևակի, ընտրությունների բուն գործընթացի վրա չազդող հարցեր են բարձրաձայնվել, և այդ շրջայցի ընթացքում մենք ևս որևիցե էական, ընտրական գործընթացին խոչընդոտող արձանագրում չենք ունեցել»,- ասաց նա։